
ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Հանդիպման սկզբում դեսպան Կիշան Դան Դեվալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը:
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։