«Սերնդային էգոիզմը». Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերը Արցախի ու հայոց հարցերին մոտենում են այն տրամաբանությամբ, որ եթե այսպես կամ այնպես արած լինեինք, հիմա հարցը փակված կլիներ։
Մի մասն ասում է՝ եթե Արցախը էն գլխից Հայաստանին միացրած լինեինք, հարցը փակված կլիներ։
Մի մասն ասում է՝ եթե յոթ շրջանը տված լինեինք, հարցը փակված կլիներ։
Մի մասն ասում է՝ եթե 94-ին խաղաղության պայմանագիր կնքած լինեինք, հարցը փակված կլիներ։
Մի մաս էլ կա, որ ասում է՝ հայերը, եթե թուրքերին չբզբզային, հարց չէր լինի։
Սրա անունը դնենք սերնդային էգոիզմ․ երբ սերունդը տենչում է, որ իր ժամանակաշրջանում բոլոր հարցերը փակվեն։
Դարերով էկած հայերի խնդիրները, մտահոգությունները, նպատակները, մի խոսքով՝ հայերի հարցը, մեր սերնդի օրոք գտնվում ա Արցախի սահմանում։
Ու այն երբեք չի փակվելու տարածք տալով, միացմամբ կամ Արցախի անկախությունը ճանաչելով, քանի որ կա դիմացի կողմը, որն ունի իրա հարցերը, որոնք հակասում են մեր հարցերին։
Եթե 94թ․ Արցախի անկախությունը ճանաչվեր, դա կբարդացներ Թուրքիայի հարցերը, բայց չէր փակի, նրանք չէին փակելու պանթյուրքիզմի հարցը։
Պարզապես պետք է սերնդային էգոցենտրիզմը մտքից հանել ու ընդունել իրականությունը, որ մեր սերունդը վերին արտի ցորենը չի, որ տիեզերքը մեր սերնդի շուրջ չի ձևավորվել, արևը հատուկ մեզ համար չի ճառագում։
Ու ինքներս մեզ չխաբենք՝ ասելով, թե գոնե մեր էրեխեքը չտեսնեն, էն ինչ մենք տեսանք, բայց իրականում նկատի ունենալով, որ մենք հարցը լուծենք, փակենք, հանգիստ ապրենք։
Հայաստանը 90 րոպեանոց ֆուտբոլի խաղ չի, որ սուլիչը տվել են սկսել ա ու հեսա էլի սուլիչ կտան կավարտվի։ Հայկական համակարգը դարերով ա անցել ու մեր պես 1000 սերունդ ա փոխել ու դեռ անդադար փոխելու ա։
Էդ շարունակականության մեջ անկախ նրանից թե ինչ ճշտեր ու սխալներ են լինում, պիտի հաջորդ սերնդին էլ օգնել ու հասկացնել, որ իրանք էլ վերին արտի ցորենը չեն ու որ փոխանցված ժառանգության վրա պիտի վիզ դնեն՝ չմտածելով, թե հենց իրանք են հարց լուծողը»։