«Աննա Հակոբյանը թիկնապահի հետ էր մոտենում մայրերին, թե ումի՞ց էր վախենում, չգիտեմ»․ միջոցառման մասնակից

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին Կառավարական ամառանոցում միջոցառում էր կազմակերպել, հյուրընկալել պատերազմում զոհված տղաների մայրերին, կանանց, քույրերին։

Տարածված տեսանյութերից և լուսանկարներից պարզ դարձավ, որ այս միջոցառմանը Աննա Հակոբյանի կողքին, բացի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից, որը միշտ Փաշինյանի տիկնոջն ուղեկցում է զոհված զինծառայողների հարազատներին այցելությունների ընթացքում, այս անգամ մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և այլք։

Ի դեպ, Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառման մասնակից զոհվածների հարազատները ներկայացել են անձնագրերով, իսկ բջջային հեռախոսները հանձնել են անցագրային կետում, ենթադրաբար՝ ուղիղ հեռարձակում կամ առհասարակ նկարահանումներ չիրականացնելու համար։

Միջոցառմանը մասնակցած կանանցից մեկը, որ Արարատի մարզից հատուկ եկել էր Աննա Հակոբյանի հետ հանդիպելու և իր խնդիրը ներկայացնելու, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի հոգով առանձին նստել են մի անկյունում, որևէ հյուրասիրությունից չեն օգտվել, սպասել են ժամը լրանա, որ ավտոբուսով կրկին վերադառնան Արարատ։ Նա դժգոհեց, որ չնայած հյուրընկալել էին միայն իգական սեռի ներկայացուցիչներին՝ մայրեր, տատիկներ, քույրեր, այրիներ և երեխաներ, որ ոչ մի զոհվածի եղբայր, հայր կամ պապիկ չկար, ամբողջ տարածքը հսկում էին անվտանգության աշխատակիցները։

«Ամբողջ միջոցառման ընթացքում տարածքում, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանի կողքին, անվտանգության աշխատակիցներն էին։ Նրանից մեկն էլ՝ կին թիկնապահը, ամբողջ ընթացքում նրա կողքից չհեռացավ։ Աննա Հակոբյանը թիկնապահի հետ էր մոտենում մայրերին, թե ինչի՞ց կամ ումի՞ց էր վախենում, չգիտեմ․․․ Մի բան էլ ասեմ, բացի զոհվածների մայրերից, այնտեղ այլ մարդիկ էլ կային, որ որդի չեն կորցրել․․․

Կարևորը՝ ես իմ ուզածին հասա, ինչ պետք էր՝ փոխանցեցի, մնացած երաժշտություն, ֆուրշետ և այլն ինձ հետաքրքիր չէր»։

 

Տեսանյութեր

Լրահոս