Դատարանը քննում է Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նշենք, որ մինչ բողոքի բուն քննությանն անցնելը պաշտպանության կողմը կբարձրացնի որոշակի հարցադրումներ՝ կապված մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի պահպանման հետ։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով պաշտպանության կողմը, ի թիվս այլնի, արձանագրել է նաև Աղվան Հովսեփյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Տեսանյութեր

Լրահոս