Մեզ պարզապես կկանգնեցնեն փաստի առաջ՝ ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելիս. Արմինե Ադիբեկյան

Փաշինյանի բրյուսելյան օրակարգը, որը խնամքով թաքցվում էր հայ ժողովրդից, ընդհանուր առմամբ ուրվագծվեց  Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններում:

Պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները. սա ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության հիմնական շեշտերն են:

Իսկ ԵԽ նախագահի տարածած հաղորդագրությունում հիշատակվում էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Հարավային Կովկասում ավելի լայն առումով հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը:

Ուշագրավ է, որ կողմերի տարածած հայտարարություններում որևէ անդրադարձ չկա ղարաբաղյան հակամարտությանը, Արցախին առհասարակ:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համոզմամբ, սակայն, եթե ինչ-որ բանի մասին չի խոսվել հրապարակավ, չի նշանակում, թե թեման առհասարակ չի քննարկվել:

«Շատ հավանական է, որ այդ մասին խոսվել է, եկել են ընդհանուր հայտարարի, և դա «by default» ներառվելու է ենթադրյալ խաղաղության պայմանագրի մեջ:

Հաջորդը՝ ՀՀ իշխանությունները համարել են, որ Ադրբեջանի 5 պայմաններում որևէ անընդունելի բան չկա, իսկ հիշեցնեմ՝ այդ կետերից մեկն Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության ճանաչումն է, ինչը, ըստ Ադրբեջանի, նախատեսում է Արցախն Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ եթե խոսում են դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, նշանակում է, որ Արցախը լռելյայն դիտարկվում է Ադրբեջանի մաս:- 168.amի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ շեշտելով, որ Արցախը չհիշատակելն ամենևին չի նշանակում, որ Արցախի հարցը չի քննարկվելու և կամ՝ այդ հարցն առանձին կետով չի ներառվելու խաղաղության պայմանագրում,- Այլ հարց՝ որ այն այնքան հակահայկական է, այնքան դավաճանական և անընդունելի, որ նախապես այդ մասին չեն խոսում. մեզ պարզապես կկանգնեցնեն փաստի առաջ՝ այնպես, ինչպես մեզ փաստի առաջ կանգնեցրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա ստորագրելու պարագայում»:

Անդրադառնալով հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ հանդիպման հպանցիկ անդրադարձերի մասին մեր դիտարկմանը՝ ադրբեջանագետն արձագանքեց.

«Ի՞նչ հումանիտար խնդիրների մասին ենք խոսում, եթե այդ մարդը բոլոր նպաստավոր դիրքերը, բոլոր ջրի ակունքները, մեր անվտանգության գոտին և կենսական նշանակություն ունեցող հատվածները լուռումունջ նվիրում է Ադրբեջանին:

Հումանիտար աղետը մեզ դեռ սպասում է. Հայաստանը ջրազրկվելու է, զրկվելու է իր ճանապարհներից և սահմաններից, որովհետև Հայաստան-Իրան սահմանը փաստացի հսկվելու է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից»:

Նա նաև հավելեց, թե ադրբեջանական կողմը համառորեն գնում է Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացմանը՝ Հայաստանի «թրքապիղծ իշխանությունների օգնությամբ և աջակցությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս