
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։
Սուրեն Պապիկյանը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: