Գնաճին դեմ կանգնելու համար պետություն կա՞, թե՞՝ չկա. Թադևոս Ավետիսյան

«Այս իշխանությունը, որ եկավ, մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավիճելու արդիականությունը դարձրեց ոչ արդիական. մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին»,- «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ընթացքում տեսակետ հայտնեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Այս համատեքստում նա նաև հիշեցրեց կառավարության նիստը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սոցիալական խնդիրներն առաջնային չեն։

«Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ մեծ հաշվով իրավունք ունենք, որ խոսենք. մենք այսօր խոսում ենք ապրելու իրավունքի մասին։ Ասում եք՝ տնտեսական քաղաքականություն. ի՞նչ տնտեսական քաղաքականություն, դա մեկ օրվա քաղաքականություն չէ. պետք է ծրագրես, ընդունես, իրականացնես: Բայց հիմա մենք այդ մասի՞ն պետք է խոսենք. վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսած ու ամեն հաջորդ օրն ավելի է վտանգվում այս իրավունքը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը՝ շեշտելով, որ հայը Հայաստանում ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը:

Ըստ նրա, սակայն,  չես կարող այդ մասին խոսել, քանի որ վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը, շատ ավելի լավ է, քան սեփական հայրենիքում վախվորած, անընդհատ զիջումներով ապրելը և այն պատկերացումներով ապրելը, որ «կարող է՞ առավոտյան զարթնենք,  և մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք՝ թշնամին զավթել է»:

Պատգամավորի գնահատմամբ՝ եթե գոյատևման այս խնդիրներին գումարվում են նաև ամենօրյա կենցաղային հարցերը, որոնք չեն լուծվում, հետևանքներից մեկը լինում է նաև արտագաղթը, տնտեսության հյուծումը. «Իսկ մեր անվտանգության դոնորը մեր տնտեսությունն է, մեր մարդկանց հավաքական ներուժն է, որ գործադրում են,  արժեք են ստեղծում, և դրանով նաև պետություն են պաշտպանում, հանրային բարիք են ստեղծում, ապրելու միջավայր ձևավորում»:

Լուծումը, ըստ նրա,  համախմբումն է, որպեսզի լուծենք մեր ապրելու իրավունքի խնդիրը: Պատգամավորի համոզմամբ՝ այս իրավիճակում իշխանությունը չի վերցնում պատասխանատվություն և անընդհատ այլ մեղավորներ է փնտրում, առաջնորդվում  պոպուլիզմով. «Իսկ անպատասխանատու իշխանությունը ճգնաժամային իրավիճակում բազմապատկում է բոլոր ռիսկերը, որոնք գալիս են դրսից»:

Տեսանյութեր

Լրահոս