Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման. արարքը վերաորակվեց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից շուրջ 7 տարի անց հրապարակվեց մեղադրական դատավճիռ։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։

Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104֊րդ հոդվածի 2֊րդ մասի 5֊րդ, 7֊րդ, 10֊րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104֊րդ հոդվածի 2֊րդ մասի 7֊րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանին առաջադրված մեղադրանքներից 359֊րդ հոդվածի 1֊ին մասով դատարանն արդարացվեց։ Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Տուժող կողմի քաղհայցը բավարարվեց մասնակի, ամբաստանյալներից հօգուտ տուժողի կբռնագանձվի 1,5 մլն դրամ։ Դատարանը նաև արձանագրեց, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ նախաքննության ընթացքում համապատասխան մարմինների կողմից թույլ են տրվել խախտումներ։

Մինչդատական վարույթում թույլ տրված էական խախտումների մասին դատարանը գրություն կուղարկվի համապատասխան մարմիններին։

Դատավճռի հրապարակումից հետո Հայկազ Բարսեղյանի մայրն արտասվեց։ Տուժող կողմը համաձայն չէ դատավճռի հետ՝ պատժաչափը համարելով մեղմ։

Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէ։ Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել ամբաստանյալներին։

Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015թ. հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Տեսանյութեր

Լրահոս