«2-6 ամիսը մեկ թշնամին առաջ է գալիս, չի թողնում աշխատանքներ անենք․ Եկել-հասել են մեր գյուղի վերևը, շատ բաներ կան, չեմ էլ ուզում շատ բաներից խոսել». Խնապատի բնակիչ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքները չեն շարունակի։

168.am-ի հետ զրույցում խնապատցի տրակտորիստ Կարեն Մելքումյանը շատ չմանրամասնելով իրավիճակը՝ միայն նշեց, որ մի քանի օրից կսկսեն իրենց հողերը մշակել, առանց մշակելու հող չեն թողնի։

«Հիմա մենք մի քիչ զբաղված ենք, չեմ ուզում շատ բաց խոսել, բայց մեկ է, մենք մեր հողն անմշակ չենք թողնելու։ Աշխատանքի կեսն արդեն արել ենք, մնում է մի հատվածը։ Դե, գյուղատնտեսական աշխատանքները կիսատ թողեցինք՝ նախ թշնամու կրակոցների պատճառով, հետո էլ՝ եղանակային պայմաններից ելնելով։ Հիմա իրավիճակը մի քիչ լարված է, դրա համար աշխատանքներն ուշանում են»,- նշեց Կարեն Մելքումյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Մելքումյանն իր սեփական տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարում նաև հարևան Խրամորթ գյուղում։ Փետրվարի 15-ին Խրամորթում թշնամին կրակել էր Կ. Մելքումյանի ուղղությամբ, նա տրակտորով հերկ կատարելիս էր եղել, կրակոցներից վնասվել էր նրա տրակտորի ետևի անվադողը:

Դրանից հետո թշնամին սկսեց ավելի հաճախ կրակել խաղաղ բնակավայրերի վրա, որի հետևանքնով էլ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել են։

Ըստ Կարեն Մելքումյանի՝ այս ամենը բնակիչներին չի հիասթափեցնում, նրանք շարունակելու են մնալ գյուղում, մշակել իրենց հողը և ապրել։

«Մենք աշխատելու ու ապրելու ենք այստեղ, գնալու այլ տեղ չունենք, մեր հողն ու տունը ո՞ւմ թողնենք։ Բայց տեսնում ենք, որ իրավիճակը գնալով բարդանում է, ու լավ բան չկա, այս մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը դեպի վատն է գնացել, բայց ի՞նչ անենք, այլ տեղ կա՞ գնալու, այստեղ է մեր տունը։

Մենք շարունակում ենք դեմ գնալ այս ամենին, շարունակում ենք մնալ այստեղ, բայց ամեն ինչ դեպի վատն է գնում։ Այնպես չէ, որ պատերազմի ավարտից հետո թշնամին իր տեղում է կանգնած, ամեն 2-6 ամիսը մեկ առաջ է գալիս, սադրանքների է դիմում, չի թողնում աշխատանքներ անենք։ Եկել-հասել են մեր գյուղի վերևը, շատ բաներ կան, չեմ էլ ուզում շատ բաներից խոսել։ Բայց մեր հավատն ու հույսն են, որ մեզ այստեղ են պահում»,- եզրափակեց Կարեն Մելքումյանը։

Տեսանյութեր

Լրահոս