«Ալիևի խոսքերը հուշում են, որ Նիկոլ Փաշինյանն իր համաձայնությունը տվել է»․ Արմինե Ադիբեկյանը՝ Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 14-ին ևս կրկին Բրյուսելում և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում:

Այս հանդիպումից առաջ, սակայն, բազմաթիվ քաղաքական-հասարակական գործիչներ ահազանգում ու չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարող է ստորագրել կամ գոնե համաձայնության գալ խաղաղության պայմանագրի որոշակի սկզբունքների շուրջ, ոմանց կարծիքով էլ՝ կողմերն արդեն համաձայնվել են հերթական ազգակործան փաստաթուղթը ստորագրելու հարցում, և Հայաստանը, ըստ էության, կհրաժարվի Արցախից։

168.am-ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե այս հանդիպումն ի՞նչ ռիսկեր և ի՞նչ վտանգներ կարող է պարունակել Հայաստանի և Արցախի համար․

«Ադրբեջանը շատ հստակ իր 5 պայմանները դրել է, այսինքն՝ ոչ մի նոր բան չկա, դժվար էլ ավելի վատ բան մտածի, ինչ ինքն արդեն ներկայացրել է։ Ինչ վերաբերում է վտանգներին, ապա ցանկացած գործողություն, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած իրադարձություն, որտեղ կա Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, արդեն ինքնին ռիսկ է պարունակում իր մեջ։ Ակնկալել, որ ինչ-որ հայանպաստ իրադարձություններ տեղի կունենան, պետականամետ փաստաթղթեր կամ պայմաններ կառաջադրվեն, իհարկե, ակնկալել չի կարելի, հատկապես, երբ Ալիևը շատ հստակ ասաց՝ ժամանակն է խաղաղության պայմանագիր կնքելու։ Ես ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի առաջարկած 5 պայմաններն ընդունել է, Թուրքիայինը՝ ներառյալ։

Դրանք առանցքային կարևորություն ունեցող կետեր են Հայաստանի, Արցախի և հայության համար, դրանից ավելի վատ բան չի էլ կարող լինել, որովհետև ըստ այդմ Հայաստանը հրաժարվում է Արցախից․․․ Նիկոլ Փաշինյանից ակնկալել, որ նա կգնա և ռիսկ կանի ինչ-որ պայմաններ ինքը դնել, կամ չհամաձայնվի որևէ կետի հետ, ես չեմ սպասում, որովհետև Ալիևի խոսքերն ինձ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է։ Եթե անգամ ապրիլի 6-ին նա չստորագրի, ապա հստակեցվելու է որոշակի փաստաթուղթ, որի ստորագրման փաստը զուտ ժամանակի հարց է․․․»։

Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումից առաջ ակտիվացել են՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը, ուստի Արմինե Ադիբեկյանին հարցրեցինք, թե արդյո՞ք այս փուլում դա ճիշտ քայլ է, և ի՞նչ խնդիր է լուծելու․

«Այս պահին դա բացարձակ անիմաստ բան է, քանի որ, անգամ, եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմի Նիկոլ Փաշինյանին, դա մերժվելու է, իսկ մինչև դիմելը Արայիկ Հարությունյանին զանգելու են, ասեն՝ չդիմես, որովհետև մեկ է, մերժելու ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական շարժումներին, ապա փորձը ցույց է տալիս, որ դրանք բացարձակապես անիմաստ գործողություններ են, զուտ քաղաքական դիվիդենտ հավաքելու առումով իմաստ ունեն։ Սա ես վատ իմաստով չեմ ասում, չեմ ասում, որ իշխանություն են ուզում զավթեն, և այլն, այլ ասածիս իմաստն այն է, որ կանցնեն տարիներ, երբ այս քայլող թյուրիմացությունը չի լինի իշխանության ղեկին, ապա նայելու են, թե ով ինչով էր զբաղված այս բռնապետական տարիներին՝ դավաճանների իշխանության ժամանակ։ Մեկն ասելու է՝ ես ցույց եմ կազմակերպել, մյուսը կասի՝ ես ստորագրահավաք եմ կազմակերպել, դա ոնց որ ավելի շատ ապագայի հարց է, քան առկա խնդիրը լուծելու, որովհետև այս խնդիրն անլուծելի է, որովհետև Փաշինյանը Հայաստանը դրել է մի ծուղակի մեջ, որտեղից ելք չկա, գուցե կա, բայց ես չեմ տեսնում»։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը թույլ կտա՞, որպեսզի Հայաստանին ստիպեն նման «վտանգներ» պարունակող պայմանագիր ստորագրել, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց․

«Եկեք մենք մի բան ֆիքսենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ոչ մեզ է պաշտպանում ադրբեջանցիներից, ոչ ադրբեջանցիներին մեզանից, այլ պաշտպանում է իր սեփական շահերը։ Եթե իր սեփական շահերը թելադրեն, որ Պուտինը պետք է ամբողջ Հայաստանը՝ բնակիչներով, բանտիկը կապած՝ նվիրի Թուրքիային, Ադրբեջանին կամ Իրանին, կախված նրանից, թե այդ պահին իր շահերն ի՞նչ են թելադրում, ապա նա դա կանի՝ առանց որևէ խղճի խայթի։ Ակնկալել, որ ռուսն ավելի շատ հայ է լինելու, քան մենք՝ հայերս, դա անհեթեթություն է»։

Ճշտող հարցին՝ դա պայմանավորվա՞ծ է արդյոք նրանով, թե ովքեր են այսօր կանգնած ՀՀ իշխանության գլխին, ադրբեջանագետը պատասխանեց․

«Ռուսաստանը միշտ պաշտպանել է իր սեփական շահերը, ուրիշ հարց, որ նախկին իշխանությունները կարողանում էին մեր շահերը տեղավորել այդ համակարգի մեջ, և գոնե Ռուսաստանը մեզ չվնասի, գոնե իր շահերը չպաշտպանի իր շահերի հաշվին։ Մի՛շտ հիշեք, որ Ռուսաստանը հայկական Կարսը նվիրեց Թուրքիային, որովհետև այդ պահին իր շահերն այդպես էին պահանջում»։

Ամփոփելով զրույցը, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ ենթադրյալ փաստաթղթին, որը Փաշինյանը կարող է ստորագրել Բրյուսելում, դժվար է որևէ անվանում տալ․

«Քանի որ չգիտենք հետևանքները՝ աղետալիության աստիճանը, անվանում գտնել չի կարելի, բայց միակ և ամենաճիշտ անվանումը՝ «Նիկոլ դավաճա՛ն», ուրիշ ոչինչ ավելի դիպուկ և ավելի հստակ չի կարող նկարագրել այս վարչակազմի, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների գործելաոճը։ Հիմա ի՞նչ կապ ունի, թե ոնց կանվանեն, եթե մենք կդադարեցնենք մեր գոյությունը․․․»։

Հիշեցնենք, որ շուրջ 3 շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին:

Այդ կետերն են՝

1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

2. Պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։

3. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից։

4. Սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

5. Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930