«Մեր խաղաղությունը փխրուն է, և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը». Արման Սարգսյան

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին, թե հնարավո՞ր է իրավիճակը լարվի, պատասխանեց՝ ամեն պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա։

«Պատճառն այն է, որ մեր խաղաղությունը փխրուն է, և այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ մեկը, որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը»,- նշեց Արման Սարգսյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Գլխավոր շտաբը պետ չունի, Արման Սարգսյանը պատասխանեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ, սակայն ԳՇ պետի պաշտոնակատար գեներալ Քոչունցն ունի օրենքով սահմանված բոլոր լիազորություններն ու լծակները։

«Եթե կհիշեք, ես 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի մարտ եղել եմ ոստիկանության պետի պաշտոնակատար։ Այդ ընթացքում իրականացրել եմ օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, որևէ բան չի կաշկանդել։ Թե ե՞րբ կնշանակվի ԳՇ պետ՝ բնականաբար, նշանակում տեղի ունենալու է, գուցե ուսումնասիրության փուլ… եթե ես իմանայի, ապա ձեզ կասեի՝ վաղը չէ մյուս օրը։ Դրա համար եմ ասում, որ չեմ կարող ձեզ տեղեկացնել, բայց ընդհանուր առմամբ համարեք, որ մենք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով բոլոր լիազորություններն օգտագործում է։ Մենք Հետախուզության վարչության պետի պաշտոնակատար ունենք, նա վարչության պետի տեղակալն է։ Սակայն առանցքային մարմինները, որոնք հետախուզական տվյալներ են ձեռք բերում, բնականաբար, նրանք աշխատում են։ Ամեն դեպքում որևէ էական խնդիր չի ծագում»,- նշեց փոխնախարարը։

Միաժամանակ ընդգծեց, որ պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի կադրերի և՛ հոսք է եղել, և՛ ներհոսք։

«Մենք Հայաստանում ունենք, բնականաբար, լավ կադրերի պակաս, այդ թվում՝ զինվորական։ Մշտապես խոսվում է ինստիտուտների վատ կայացվածության մասին, սա նաև կադրերի հաշվին է։ Եկեք դուք հարցրեք, թե ինչ կարելի է  անել, որպեսզի զինվորական ծառայությունը դառնա գրավիչ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Երասխի հատվածից զորքի հայելային հետքաշմանը և հարցին՝ եթե նման բան լինի, Փառուխի սցենարը չի՞ կրկնվի, Արման Սարգսյանը պատասխանեց. «Հիմա եթե պատասխանեմ, չենք ունենալու, դուք գրելու եք, չենք ունենալու։ Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև ուրիշ բանի մասին է խոսքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930