Արարատ Միրզոյանը դիմել է ՆԱՏՕ-ի՞ն
Ռուսալեզու տելեգրամային տիրույթում ուշագրավ մի հրապարակում է տարածվել: «Երևանը Մոսկվային թիկունքից հերթական հարվածն է հասցրել»,- գրել է 260.000-ից ավելի բաժանորդ ունեցող «Кремлёвский мамковед» տելեգրամյան ալիքը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում առկա ակտիվությունը։
Նաև նշվում է, որ Ղարաբաղում հերթական սրացման ֆոնին Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ, մարտի 29-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին ՀՀ մասնակցության շրջանակում ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը աջակցության խնդրանքով դիմել է Բրյուսելին։
«Համաձայն այս ծրագրի՝ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Սակայն Հայաստանի դեպքում իրավիճակը շատ սիմպտոմատիկ է թվում, քանի որ Արևմուտքի ռազմաքաղաքական բլոկին աջակցության խնդրանքով դիմում է ոչ այլ ոք, քան ՀԱՊԿ անդամը։ Բացի այդ, Հայաստանին Մոսկվայում դիտարկում են որպես ռազմավարական դաշնակից, իսկ ինքը՝ Երևանը, Պուտինի հետ զրույցներում ամեն կերպ ընդգծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ ու դաշնակիցներ են։
Փաստորեն, Երևանը Մոսկվային թիկունքից հերթական հարվածը հասցրեց։ Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ինտենսիվությունը փաստացի հասել է սառը պատերազմի մակարդակին»,- գրում է «Кремлёвский мамковед» տելեգրամյան ալիքը։
Այս հրապարակումը ուշագրավ է նաև` հաշվի առնելով Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը: Վերջինս նշեց, որ օր առաջ Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները լուծելու փոխարեն Հայաստանի իշխանությունը դանդաղում է կամ անգործության է մատնված. «Եվ կան հարցեր, որոնց դեպքում դանդաղելն ու լռելն է ճիշտ, իսկ Փաշինյանն ու իր խմբակը անբացատրելի ակտիվություն են ցուցաբերում: Պարզ օրինակ, ռուս-ուկրաինական սրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ԱԳՆ-ն՝ մամուլի խոսնակի շուրթերով: Շտապեցին հայտարարել, որ ՀՀ օրակարգում չկա Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունները ճանաչելու հարցը: Հետո ՀՀ իշխանությունը սկսեց մեկ աջակցել, մեկ չաջակցել Ռուսաստանին: Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու ժամանակը չէ:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ՀՀ արտաքին գործերի նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում։ Ո՞րն էր այդ այցի նպատակն ու ինչո՞ւ նախապես հայտարարված չէր: Ի՞նչ է անում այս իշխանությունը սեփական ժողովրդի մեջքի հետևում», – հարց հնչեցրեց նա` ակնարկելով Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գրասենյակի ներկայացուցիչների ինչ-ինչ հանդիպումների մասին:
168․am-ը տելեգրամյան ալիքի նշյալ հրապարակման մեջ տեղ գտած փաստերը կփորձի ստուգել պաշտոնական մարմիններից։ Մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ին երկուշաբթի` աշխատանքային օրվա ընթացքում հարցում կուղղենք այն մասին, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարը դիմել է ՆԱՏՕ-ին, ի՞նչ հարցով է, ո՞ր ուղղությամբ ու ի՞նչ տեսակի աջակցություն է ակնկալում ՆԱՏՕ-ից։
Մեր կողմից հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` մարտի 17-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ, հանդիպման օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանն Արարատ Միրզոյանը ներկայացրել էր Հայաստան – Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։ Ըստ նույն պաշտոնական հաղորդագրության` Միրզոյանը Հյուսիսատլանտյան խորհրդում նաև ելույթ էր ունեցել, անդրադարձել էր, ըստ ԱԳՆ հաղորդագրության, անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին: