4.5 միլիարդ դրամով կառուցում են Ադրբեջանի դիտարկման ներքո գտնվող ճանապարհը
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու նախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ կառավարությունը կանգնել է արագ այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդրի առաջ՝ բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով միլիարդավոր դրամներ հատկացելով այդ նպատակին։
Կառավարությունը մոտ 3 միլիարդ 178 միլիոն դրամ է հատկացրել Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման համար։
Շինարարական աշխատանքների կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել, գնումը կատարվել է մեկ անձից՝ «Քարավան» ՍՊԸ-ից։
Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ էլ մեկ անձից գնման ընթացակարգով գնում է կատարել «Կապան» ՃՇՇ ՍՊԸ-ից՝ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման համար։
Ուշագրավն այն է, որ միլիարդավոր դրամներով Հայաստանի Կառավարությունը կառուցում է այլընտրանքային ճանապարհներ, որոնք, սակայն, գտնվում են ադրբեջանական դիտարկման տակ։
Ինչպես ավելի վաղ գրել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, Կառավարության կողմից կառուցվող ճանապարհները դիտարկում են ադրբեջանական զինված ծառայողները ու թեև Կապան համայնքի ղեկավարն առաջարկել էր մեկ այլ, չդիտարկվող ճանապարհ, առաջարկը, սակայն, մերժվել էր։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի որոշ հատվածներ թշնամուն հանձնելուց հետո ՀՀ Կառավարությունը կառուցելու է այլընտրանքային 7 ճանապարհ։