Չեխովի դպրոցում առկա իրավիճակի վերաբերյալ քաղաքապետարանը պարզաբանում է տարածել
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Չեխովի անվան դպրոցում առկա իրավիճակի վերաբերյալ․ «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ.319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետով, որի համաձայն՝ լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ, Երևանի քաղաքապետի 16.12.2021թ. հ.4474-Ա որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել:
Հաշվի առնելով վերոգրյալը և Կարգի նշյալ կետով Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»:
Հիշեցնենք, որ այսօր Չեխովի անվան դպրոցի ծնողները և աշակերտները բողոքի ակցիա են իրականացրել նոր տնօրենի ընտրության դեմ։
Քաղաքապետարանի կայացրած որոշման մասին տեղեկանալուց հետո դպրոցի ծնողները ինքնաբուխ որոշել էն բողոքի ակցիա իրականացնել։
«Շատ հեշտ է քանդել դպրոցի՝ տարիներով ստեղծված մթնոլորտը։ Տարիներ շարունակ դպրոցը ունեցել է հրաշալի ղեկավար, նրա պարտականությունների ավարտից հետո դպրոցը այժմ ունի իր թեկնածուն, որը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները։ Ու հետո վերցնել ու նշանակել ոմն մեկին՝ հաշվի չառնելով որևիցե մեկի կարծիքը ու որոշումը, ճիշտ չէ։ Նոր թեկնածուն՝ Դիաննա Մինասյանը, ով քաղաքապետարնից ստացել է 4 ձայն, բացարձակ որևէ շփում չի ունեցել ծնողների, դպրոցի հետ, նա ինչպես պետք է ղեկավարի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից ծնողներից մեկը։
Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունի տարածված այն լուրերի մասին, որ տնօրենի նոր թեկնածու Դիանա Մինասյանը Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է։
«Մեր ակցիան որևէ քաղաքական բույթ չի կրում։ Եթե մեր թեկնածուն չանցնի, ապա ծնողները իրենց բողոքը երկու եղանակով կարող են արտահայտել․ կամ պետք է իր երեխային դպրոց չուղարկի, կամ պետք է հանի երեխային այդ դպրոցից, մեր մենք չենք պատրաստվում փողոց փակել կամ նմանատիպ այլ բաներ, որովհետև 21-րդ դարում ենք և կիրթ մարդ նման որոծղությունների չի գնա։ Մենք ցանկանում ենք դպրոցում պահել առողջ մթնոլորտ և պետք չէ երեխաների սովորելու ձգտումը այս ձևով ոչնչացնել։ Այսպես ասեմ, դպրոցը մեր երեխան է, ու մենք ուզում ենք մեր երեխային վստահել նրան, ով ունի փորձ դպրոցում, իսկ մի թեկանածու, ով որևէ կապ չի ունեցել ուսումնական հաստատության հետ, գա նստի ղեկավա՞ր»,- ասաց նա