
Գերմանիան անհրաժեշտ է համարում իր հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը. Շոլց

Գերմանիան անհրաժեշտ է համարում իր հակահրթիռային պաշտպանության ամրապնդումը ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եւ տեղակայման հաշվին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Դա, անպայմանորեն, այն հարցերից մեկն է, որոնք մենք քննարկում ենք, եւ որի համար կան ծանրակշիռ պատճառներ»,-ասել է Շոլցը:
«Մենք պետք է գիտակցենք, որ ունենք հարեւան, որը պատրաստ է բռնություն կիրառել իր շահերը պաշտպանելու համար»,-հավելել էնա: Ավելի վաղ Bild գերմանական թերթը հաղորդել է, որ Շոլցը, ի թիվս այլ խնդիրների, այդ հարցն առարկայորեն քննարկել է ԳԴՀ-ի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցոռնի հետ: Մասնավորապես, նրանք քննարկել են Իսրայելից 2 միլիարդ եվրո արժողությամբ Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հնարավորությունը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Բեռլինը պլանավորում է մեծացնել պաշտպանության ծախսերը՝ 100 միլիարդ եվրո ավելացնելով իր պաշտպանական բյուջեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: