«Եթե կուտակումներ կան, ապա հետևանքներ լինելու է… չէի պատկերացնի, որ այսքան մարդ ցանկություն կհայտնի գալ Արցախ ու կանգնել այստեղ». Աշոտ Սևյան

Ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը, ով Արցախում է, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո մշտապես ասել է՝ երկիրն այս վիճակից հանելու համար ՀՀ ներկայիս իշխանության հետ առհասարակ որևէ հույս պետք չէ կապել։

«Այս պահին ժողովուրդը մեկ մարդու նման համախմբված պետք է ոտքի կանգնի։ Ես այստեղ կանգնած շատ ընկերներիցս արդեն զանգեր եմ ստացել, որ բոլորն էլ հենց հիմա պատրաստ են գալ ու կանգնել մեր կողքին, մարտնչել։ Ասում եմ՝ սպասեք ՊՆ-ին, ինձ պատասխանում են՝ Աշոտ ջան, 44-օրյա պատերազմի նման պետք է մեզ խաբեն, ասեն՝ գնացեք, տանը սպասեք, մենք կկանչենք։ Աղվեսը մեկ անգամ է երկու ոտքով թակարդն ընկնում, բոլորն էլ արդեն գիտեն, որ սրանց վրա հույս դնել չի լինում։ Եթե բոլորը միահամուռ կերպով կանգնեն՝ վստահեցնում եմ՝ ամենալավ արդյունքն ենք ունենալու։ Մի քիչ հոգի է պետք, իհարկե, լավ չէր լինի, որ երկրի ղեկավարը զինվորի թիկունքին կանգներ, ոչ թե մեջքի հետևում, այլ հենց թիկունքին։ Բայց նաև ասեմ, որ սրանք մեզանից ինչքան հեռու լինեն, այնքան լավ, մեկ է՝ գիտեմ, վերջում դրանք են մեզ խփելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա՝ թշնամու նպատակը Քարագլխին տիրանալն է, և, եթե նա հայտնվի այդ բարձունքում, ապա Ասկերանի, Մարտակերտի շրջանները և Ստեփանակերտը, այսինքն՝ երեք շրջան առհասարակ իրարից կտրվում են։

«Ճանապարհներն այնպես են կառուցված, որ Քարագլխի աջ ու ձախ ճանապարհներով կկարողանան առհասարակ վերահսկել ամբողջ ճանապարհները։ Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհն իրենց հսկողության տակ է լինելու, նաև՝ Ասկերան-Ստեփանակերտը։ Բնականաբար, թշնամու նպատակն էլ հենց սա է՝ տիրանալ այդ դիրքին ու Արցախը հայաթափել։

Եկեք իրատես լինենք, եթե Արցախում մարդիկ չկարողանան հանգիստ գյուղից գյուղ գնալ, ապա այդ տարածքն արդեն դառնալու է ոչ ցանկալի բնակելի վայր»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Հարցին՝ երբ ընկերները զանգահարել են, ինչո՞ւ նրանց կոչ չի արել միանալ իրեն, Աշոտ Սևյանը պատասխանեց, որ կան հարցեր, որոնք չի կարող մանրամասնել։ Առանց չակերտները բացելու՝ նա միայն ասաց՝ երբ մարդիկ դիրքեր են բարձրանում, նրանց զինել է պետք, իսկ ինքը չի կարող այդքան մարդու զենք տալ՝ չունի նման հնարավորություններ։

«Հավատացեք, ես չէի էլ պատկերացնի, որ այսքան մարդ ցանկություն կհայտնի գալ Արցախ ու կանգնել այստեղ։ 44-օրյա պատերազմի ժամանակվանից էլ ավելի մասշտաբային է մարդկանց թիվը, որոնք նման ցանկություն են հայտնել։ Ի դեպ, շատերը երիտասարդներ են»,- շեշտեց նա։

Աշոտ Սևյանը նաև անդրադարձավ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությանը, որ պատերազմի ժամանակ արցախցի տղամարդիկ թող մնային՝ Արցախը պաշտպանեին, ոչ թե գային Երևան։

«Բա Գագիկ Մելքոնյանն ո՞ւր էր պատերազմի ժամանակ, ինչ հիշում եմ, նա Քարվաճառի ռեստորանում նստած՝ պատերազմն էր նայում։ Նա ժամանակին թիկունքի պետ էր, երևի ինչ ծնվել է՝ թիկունքի պետ է, հիմա էլ փորձում է  փախուստից կամ թալանի՞ց խոսել։

Չեմ էլ ուզում այդ մարդուն շատ անդրադառնալ, որովհետև այսօր իսկապես այնքան գեներալներ կան, որ բախտի բերմամբ  են դարձել գեներալ։ Ես երկրագնդի վրա մեկ պետություն չգիտեմ, որտեղ պարտվածին հերոսի կոչում տան, բայց մենք դա Հայաստանում տեսանք։

Հիմա ինքը մեղադրում է արցախցիներին, որ հանկարծ իրեն չմեղադրեն։

Ժողովրդական խոսք կա՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Գեներալ մարդ է, դե, թող վեր կենա, գա այստեղ կանգնի մեր կողքին։ Գագիկ Մելքոնյանը թող իմանա, որ ցանկացած ղարաբաղցի իր տան 1 քառակուսու համար կյանքը տալու է։ Իրենք թող մտածեն, որ պատրաստ են ամեն ինչ տալու՝ հանուն իրենց պաշտոնի։ Մարդիկ իրենց ամենաթանկը՝ կյանքը տալիս են հանուն հայրենիքի, բա դրանք հանուն ինչի՞ են ապրում»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, Աշոտ Սևյանը նկատեց՝ կարելի է ասել, որ իրավիճակը վերահսկելի է, թշնամին կուտակումներ է արել։

«Հասկանալի է նաև, որ եթե կուտակումներ կան, ապա հետևանքներ լինելու են, բայց այս պահին մեծամասշտաբ որևէ բան տեղի չի ունենում»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս