Բաժիններ՝

Զուգահեռ իրականություններում դատարկվող Արցախն է ու երջանիկ Աննա Հակոբյանը

Այսօր երեկոյան Արցախից հերթական բոթը ստացանք. ադրբեջանցիները առանց կրակոցի անարգել գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու շարժվում են ռազմավարական Քարագլուխ բարձունքի ուղղությամբ։

Արցախցի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով` Փառուխը հանձնել են այնպես, ինչպես հանձնել են Շուշին։

Մինչ այսուայնտեղից լուրերի պատառիկներ էինք քաղում` հասկանալու համար իրավիճակի լրջությունը, լուրեր տարածվեցին, որ Խրամորթն է պատրաստվում ինքնապաշտպանության, և որ Արցախի Զինված ուժերին տագնապի թիվ մեկ հրաման է տրված։

Հայաստանում մի որոշակի հատված վստահաբար խելագարվում է Արցախի շուրջ կատարվող վերջին իրադարձություններից, որոշ մասի համար մեկ է` ինչ է կատարվում Արցախում… Բայց թվում էր` գոնե երկրի դե յուրե ղեկավարի ընտանիքում իրավիճակը ադեկվատ պիտի գնահատվի ու գոնե արտաքուստ սթափ արձագանք տրվի։

Բայց ճիշտ այն պահին, երբ հավանաբար վերջին փառուխցի մայրն ու երեխան էին լքում իրենց ծննդավայրն ու շեն տունը, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան սթորի է տեղադրում կրտսեր դստեր հետ։ Լուսանկարում, որը տեղադրված է 21:02 րոպեին, մայրուաղջիկ երջանիկ ժպտում են։

Աշխարհի բոլոր երեխաները երջանիկ պիտի լինեն, այդ թվում մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրտսեր զավակը, բայց այդ երջանկության իրավունքը նաև արցախցի երեխաներն ունեն, այն երեխաները, որոնց հայրենիքը հանձնվեց այս զույգի կառավարման ժամանակ, այն երեխաները, ովքեր ձյանն ու ցրտին առանց ջեռուցման գոյատևում են օրեցօր փոքրացող իրենց հայրենիքում։

Առնվազն տարակուսելի է, որ անորոշության մեջ խարխափող մարդկանց ողբերգության ֆոնին երկրի ղեկավարի կինը կարող է նման լուսանկար տարածել, ինչը եթե ոչ հրճվանքի, առնվազն ծայրահեղ անտարբերության մասին է խոսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս