Որտե՞ղ է Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրը

Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

168.am-ը երեկ անդրադարձել էր Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալության ոդիսականին, երբ գործով քննիչն առևանգել էր ձերբակալման որոշումն ու անհետացել, ու միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի գործուն միջամտությունից հետո էր գործընթացը վերադարձել իրավական դաշտ:

Ինչևէ, հուլիսի 22-ին հրազենով հարցեր լուծող Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը բավարարել էր, և Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:

Մեր տեղեկություններով, սակայն, Ռոբերտ Սուքիասյանն ընդամենը մի քանի ժամ է անցկացրել քրեակատարողական հիմնարկում, ապա նրա առողջական վիճակը վատացել է, ՔԿՀ աշխատակիցները շտապ օգնություն են հրավիրել, ու վերջինս տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, ու մինչ այժմ էլ նա գտնվում է այնտեղ:

Այսինքն՝ կալանավորման օրվանից սկսած՝ շուրջ 20 օր, Ռոբերտ Սուքիասյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

Տեսանյութեր

Լրահոս