«Երկիրը՝ կիսապատերազմական, տնտեսական ծանր իրավիճակում, Խաչատուր Սուքիասյանի եղբայրը պետությունից պահանջում է 3.5 միլիարդ դրամ». Նարեկ Ալոյան
«Հայաստանում իշխանափոխություններից հետո տեղի են ունեցել բազմաթիվ նման գործողություններ, և դրանց պատշաճ վերլուծության համար նախ և առաջ անհրաժեշտ է դրանցում տարանջատել քաղաքական և իրավական բաղադրիչը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջին՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
Այն մասին, թե ինչ իրավիճակ ունենք այդ գործով ըստ էության, Նարեկ Ալոյանն ասաց՝ պատմությունը սկսվում է 2008թ.-ից:
«2008թ. ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են իրականացրել «Բջնի» հանքային ջրերի գործարանում, ինչի հիման վրա առաջադրվել է պարտավորություն 3 միլիարդ 422 միլիոն դրամ գումարի չափով: Նշված վարչական ակտի դեմ ներկայացվել է բողոք Վարչական դատարան, որը մերժվել է, հետագայում ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը դարձյալ մերժվել է, շահագրգիռ անձ Ռոբերտ Սուքիասյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության»,- ասաց Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ վարույթ չընդունելու համար Վճռաբեկ դատարանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ տվյալ գործի քննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը մասնակից չի հանդիսացել:
Նրա խոսքով՝ այս հանգամանքն առանցքային նշանակություն ունի այսօր տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:
«2020թ. Ռոբերտ Սուքիասյանը՝ որպես շահագրգիռ անձ, դիմում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով վերսկսել 2008թ. անցկացված վարչական վարույթը նոր ապացույցի հիմքով: Որպես նոր ապացույց՝ հանդիսանում է Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) այս պահին կասեցված, նախկինում քննության փուլում գտնվող մի քրեական գործ, որի քննության շրջանում ստացվել է մի փորձագիտական եզրակացություն, ինչը հակասում է վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տվյալներին»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ ՊԵԿ իրավաբանական վարչության պետը 3 հիմքով մերժել է դիմումը:
Հաջորդիվ գործը քննվել է Վարչական դատարանում, որն էլ որոշել է, որ վարույթը պետք է վերսկսվի:
«Այս ամբողջ սխեմայում ուշագրավ է, որ ՀՔԾ-ում քրեական գործի հարուցման հանգամանքը, այսինքն՝ մոտ 10 տարի անց, երբ լրացել էին վաղեմության ժամկետները, ՀՔԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակում նշանակվում է դատահաշվապահական և դատաէկոլոգիական համալիր փորձաքննություն, որի ստացումից որոշ ժամանակ անց քրեական գործի վարույթը կասեցվում է և վարչական վարույթի հիմքում դրվում է կասեցման որոշումն ու փորձաքննության որոշումը: Ընդ որում, որևէ տեղեկություն դատական ակտում այն մասին, թե արդյոք կա՞ն տվյալ քրեական գործով մեղադրյալներ, թե՞ ոչ, եթե կան, ծանո՞թ են արդյոք փորձագիտական եզրակացությանը, փորձաքննության որոշումը բողոքարկվե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք կա, թե՞ ոչ կրկնակի փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, չկա»,- ասաց Նարեկ Ալոյանը:
Հարցին՝ կարո՞ղ է իրադարձությունների ընթացքն այնպես զարգանալ, որ սա տանի սեփականության վերաբաշխման, իսկ հայտնի է, որ այս պահին «Բջնի» ընկերության սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ինչ գործընթացներ են տեղի ունենում, Նարեկ Ալոյանը պատասխանեց՝ այստեղ է, որ պետք է անդրադառնանք այս գործի քաղաքական բաղադրիչին:
«Երբ մենք խոսում ենք որևէ իրավական գործընթացում քաղաքական հնարավոր երանգների առկայության մասին, որպեսզի զերծ մնանք սխալ ուղուց և բացառապես իրավական գործընթացին չվերագրենք քաղաքական նրբերանգ, անհրաժեշտ է վերլուծել, թե գործընթացի մասնակիցներն ովքեր են»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ թե ով է Ռուբեն Հայրապետյանը, ընդդիմադիր հայացքներ ունեցող յուրաքանչյուր ոք ճանաչում է:
«Ավելին, ընդդիմադիր բազմաթիվ գործիչների բնութագրմամբ՝ եթե մի օր Հայաստանի ներքաղաքական կյանքում քաղաքական վարքագծի վերաբերյալ դասագիրք գրվի, և դրա համատեքստում վերլուծության ենթարկվի «տղամարդկային արժանապատիվ վարքագիծ» եզրույթը, ապա դասագրքային առաջին օրինակը կլինի Ռուբեն Հայրապետյանը: Հետևաբար՝ ենթադրել, որ Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ կարող է իրականացվել քաղաքական հետապնդում, իրավաչափ և տրամաբանական է»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ մյուս կողմից, Սուքիասյանների ընտանիքը բոլոր իշխանությունների օրոք ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, և նման պայմաններում տնտեսական վերաբաշխման մասին խոսելը հիմնազուրկ չէ՝ հատկապես պայմանավորված քաղաքական գործոններով:
«Հուսով եմ՝ այս գործընթացը շարունակություն կունենա Վերաքննիչ դատարանում: Հետագայում չեմ բացառում, որ տարաբնույթ իրավական կամ իրավական քողարկմամբ գործընթացների արդյունքում սեփականության վերաբաշխման փորձ կարող է կատարվել»,- ասաց Նարեկ Ալոյանը:
Վերջինս տարակուսեց, որ պատերազմը կանգնած է մեր սահմաններին, երկիրը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, և նման պայմաններում պետության առջև ներկայացված է 3.5 միլիարդ դրամի գումարային պահանջ:
Մեր դիտարկմանը, թե ավելին, այդ պահանջը ներկայացվել է պատերազմի ժամանակ, Նարեկ Ալոյանն ասաց՝ կարիք կա, որ նման պահանջ ներկայացնող անձը համապատասխան բացատրություն ներկայացներ, որի գործիքները ժամանակակից պայմաններում բավականին լայն են՝ սկսած ֆեյսբուքյան գրառումներից՝ մինչև մամլո ասուլիսներ:
«Այսինքն՝ իշխող քաղաքական ուժի կազմում առանցքային դերակատարում ունեցող պատգամավորի եղբայրը պետությունից ցանկանում է ստանալ 3.5 միլիարդ դրամ: Արդյո՞ք համատեղելի է ՀՀ ռազմական անվտանգության շահի պահպանությունը նման պահանջի հետ»,- նկատեց փաստաբանը:
Հ.Գ. Ի դեպ, Նարեկ Ալոյանը չի հանդիսանում Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտպանը որևէ, այդ թվում՝ նաև այս գործով:
Մանրամասները՝ տեսանյութում