Արտոնյալը. Զինված խուլիգանության մեջ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանքն անցկացնում է քաղաքացիական հիվանդանոցում
Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու որոշումը ձևական բնույթ է կրում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումից հետո կարճ ժամանակ անց նա «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և շուրջ երկու ամիս է, ինչ գտնվում է այնտեղ։
Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ Սուքիասյանն այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, սակայն չի մատնանշել, թե երբ է տեղափոխվել։ Ըստ նրա՝ Սուքիասյանն ունի սրտային անբավարարություն, ողնաշարի ճողվածք և շագանակագեղձի ուռուցք, պետք է վիրահատվի, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում՝ վիրահատության համար։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու մասին որոշում էր կայացրել։ Դատական նիստի ընթացքում բարձրացվել է նաև Սուքիասյանի առողջական խնդիրների հարցը, սակայն, այդուհանդերձ, դատարանը որոշել է երկարացնել կալանավորման ժամկետը։ Ի դեպ, հենց դատավոր Վաչե Մարգարյանն է եղել այն դատավորը, որն առաջին անգամ որոշում էր կայացրել Սուքիասյանին կալանավորելու մասին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։
Փաստաբան Գոռ Միքայելյանը հայտնել է, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ՝ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ ի սկզբանե բարձրաձայնել է, որ Ռոբերտ Սուքիասյանի գործողություններում խուլիգանության հատկանիշներ առկա չեն, հետևաբար, ըստ փաստաբանի, խուլիգանության 4-րդ մասով հիմնավոր կասկած առկա չէ։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա փաստաբանը գտնում է, որ անձանց վրա ազդեցություն ունենալու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու խնդիր չկա։ Նրա խոսքով՝ գործում առկա են տեսագրություններ, որոնցում ամեն ինչ երևում է։ Բացի այդ, փաստաբանի դիտարկմամբ, քննությունն արդեն «կլորացված» է, քանի որ քննիչի կողմից դատարանին էին ներկայացվել հիմնական քննչական գործողությունների արձանագրությունը, այսինքն, արդեն անհրաժեշտ քննչական գործողություններն իրականացվել են։
«Ռոբերտ Սուքիասյանի կողմից առաջին իսկ օրվանից դրսևորած վարքագիծն էլ խոսում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնին խոչընդոտելու որևէ վարքագիծ չի դրսևորել, հակառակը՝ ինքնակամ ներկայացել է, ներկայացրել է զենքը, հագուստները, ներկայացրել է, թե ինչ հանգամանքներում է արձակել կրակոցը։ Այս պայմաններում՝ այսքանից հետո մտածել, թե կարող է խոչընդոտել՝ անիմաստ է։ Խոչընդոտող լիներ, սկզբից կխոչընդոտեր՝ չէր ներկայանա, չէր ներկայացնի զենքը»,- նշել է փաստաբանը։
Հարցին՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց հետո իր մասնակցությամբ հնարավո՞ր եղել է քննչական գործողություններ իրականացնել, փաստաբանը նշել է՝ որոշակի գործողություններ իրականացվել են՝ տեղում։ Իսկ թե ինչ գործողություններ են իրականացվել և արդյոք առերեսում եղել է, թե ոչ՝ փաստաբանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի կարող հրապարակել, թե ինչ գործողություններ են եղել, ինչ ապացույցներ են հավաքում։
Հիշեցնենք, որ Խաչաատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ, որոնց թվում եղել է նաեւ Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ եղել է օրինական հիմքով։ Այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրվել Սուքիասյանի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց կալանքի տակ փաստացի նա չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։
Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։