Բաժիններ՝

Կառավարությունը ստիպված է լինելու հետհաշվարկ կատարել. չպատճառաբանված լավատեսության հետևանքները

Կառավարությունն իր գործունեության ծրագրում առաջիկա տարիների համար խոստացել է ապահովել տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Եվս 2 տոկոս՝ արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում։

Անցած տարի չհաջողվեց կատարել խոստումը։ Այս տարի ևս տնտեսական աճը սպառնալիքի տակ է։ Այլևս ակնհայտ է, որ նախատեսված 7 տոկոս աճի հավակնությունները խիստ չափազանցված են և հեռու իրականանալուց։

Իհարկե, նախկինում էլ այդպիսի հավանականությունները չափազանց փոքր էին, բայց հիմա առավել ևս։

Ինը տոկոս տնտեսական աճի մասին, որին կառավարությունն ակնկալում էր հասնել արտաքին բարենպաստ միջավայրի պայմաններում, նույնիսկ անիմաստ է խոսել։ Կիրառվող համատարած պատժամիջոցները հարվածի տակ են դրել ամբողջ համաշխարհային տնտեսությունը։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատումներով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը լուրջ հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանը։ Սպասվող տնտեսական աճն անհամեմատ ավելի փոքր կլինի, քան կանխատեսվում էր մինչ այդ։ Արդեն հայտնի է Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ Արժույթի Միջազգային հիմնադրամի կանխատեսումը։ Այն շատ ավելի հոռետեսական է, քան նախկինում էր։

Ակնկալվում է ընդամենը 1,5 տոկոս աճ։

Չնայած նախկնում էլ ԱՄՀ կանխատեսումը չէր փայլում լավատեսությամբ։

Մինչև վերջին իրադարձությունները Համաշխարհային բանկը Հայաստանում սպասում էր՝ 4,8, իսկ Արժույթի Միջազգային Հիմնադրամը՝ 4,5 տոկոս տնտեսական աճ։

Վերանայումից հետո ԱՄՀ-ն այն 3 անգամով նվազեցրել է։

Հայաստանի տնտեսության աճի իր նախորդ կանխատեսումը, ինչպես հայտնի է, կտրուկ իջեցրել է նաև Կենտրոնական բանկը՝ 5,3-ից՝ 1,6 տոկոս, կառավարության նախատեսած նվազագույնը 7 տոկոս աճի դիմաց։

Աճի ակնկալիքը ԿԲ-ն նվազեցրել է միանգամից 3,3 անգամով։ Այսպիսի կտրուկ վերանայումներ հաճախ չեն արվում։ Դա վկայում է այն բարձր ռիսկերի մասին, որտեղ հայտնվել է մեր տնտեսությունը։ Տնտեսական աճի իր սպասելիքների կրճատումը Կենտրոնական բանկը պայմանավորել է հիմնականում արդյունաբերության հետ կապված ակնկալիքների նվազումով։

Արդյունաբերության ոլորտում ոչ միայն աճ չի լինի, այլև կանխատեսվում է բավական շոշափելի անկում՝ ընդհուպ 4,7 տոկոսի չափով։

«Մենք կանխատեսում էինք, որ արդյունաբերության ճյուղը պետք է 2022-ին աճեր 1,6 տոկոսով, այնինչ՝ նոր զարգացումների ներքո, երբ տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված»,- օրերս հրավիրված մամուլի ասուլում հայտարարեց ԿԲ նախագահը:

Նվազեցվել են նաև շինարարության ոլորտի սպասելիքները։ Խոսքն այն ոլորտի մասին է, որտեղ այս տարվա համար կառավարությունը կապիտալ ծախսերի բավական մեծ աճ է պլանավորել՝ շուրջ 60 տոկոսի չափով։ Ու տնտեսության 7 տոկոս աճի իր հավակնությունները հիմնականում կապել է դրա հետ։

Նախկին կանխատեսումների համեմատ՝ Կենտրոնական բանկը դրական զարգացումներ է սպասում գյուղատնտեսության մեջ։ Սակայն հայտնի չէ, թե ինչի վրա են այդ հույսերը։

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ դժվար է կանխատեսումներ անել, առավել ևս՝ տարվա մեկնարկին, երբ շատ բան դեռ անորոշ է։

Անցած տարվա սկիզբն էլ խոստումնալից էր համարվում գյուղատնտեսության համար։ Սակայն տարվա կեսերին բախվեցինք երաշտի ու սակավաջրության հետ կապված լուրջ խնդիրների հետ, ինչի հետևանքով ոլորտում ձևավորված դրական սպասումները շատ արագ փոխվեցին։ Տարեվերջին էլ ոչ միայն աճ չունեցանք, այլև կրկին անկում արձանագրվեց։

Հուսանք, որ այս տարի նույնը չի կրկնվի, բայց միանշանակ է, որ այս փուլում ռիսկային է նման կանխատեսումներ անելը։

Կենտրոնական բանկում դրական են սպասումները նաև զբոսաշրջության հետ կապված։

Վերջին շրջանում հակամարտության գոտիներից դիտարկվող հոսքերը Հայաստան որոշակի հույսեր են առաջացրել, որ այս տարի կունենանք զբոսաշրջության աճ։

Կենտրոնական բանկում կարծում են, որ հոսքերը չեն հասնի նախաքովիդյան մակարդակին, բայց կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշները։

Այսպիսի լավատեսության համար գուցե որոշակի հիմքեր կան, բայց քիչ չեն նաև ռիսկերը։

Այն, ինչ վերջին շրջանում նկատվում է Հայաստանում այցելությունների ակտիվացման տեսքով, քիչ կապ ունի իրական զբոսաշրջության հետ։ Դրանք ավելի շատ հարկադիր միգրացիոն հոսքեր են, որոնք Հայաստան են գալիս ոչ թե՝ զբոսաշրջության նպատակով, այլ՝ պարտադրված։

Ամեն դեպքում, դա դրական գործոն է ծառայությունների որոշ հատվածների ու տնտեսության համար, բայց զբոսաշրջային բնական ակտիվության հետ քիչ կապ ունի։

Ընդհակառակը՝ արդեն կան ազդակներ, որ իրական զբոսաշրջությունը կրկին խնդիրների է բախվում։ Նախկինում արված բազմաթիվ ամրագրումներն արդեն իսկ չեղարկվել են, ինչը բնական է՝ ինչպես աշխարհաքաղաքական սրացումների, այնպես էլ՝ ի հայտ եկած տնտեսական ու սոցիալական դժվարությունների պայմաններում։ Պատահական չէ, որ ոլորտի մասնակիցները չափազանց զգուշավոր են այս տարվա զբոսաշրջային սպասումների առումով։ Առավել ևս, որ վերջին տարիներին այդ սպասումները կապված են եղել հիմնականում Ռուսաստանի հետ։

Զբոսաշրջության ոլորտում Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ամենաակտիվ գործընկերը։ Բայց Ռուսաստանում տնտեսական իրավիճակի սպասվող վատացումը, ռուբլու արժեզրկումն ու սոցիալական լարվածության խորացումը չի կարող խթան լինել այդ երկրից զբոսաշրջային հոսքերի համար։

Հիշեցնենք, որ նույն Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ այս տարի Ռուսաստանում տնտեսական անկումը կարող է հասնել 6 տոկոսի, ինչն էական ազդեցություն կունենա նաև Հայաստանի տնտեսության զարգացումների վրա։ Այդ և այլ գործոնները հաշվի առնելով էլ՝ Կենտրոնական բանկը վերանայել է այս տարվա տնտեսական աճի սպասելիքները։

Առայժմ չի շտապում տնտեսական աճի սպասումների վերաբերյալ իր գնահատականները ներկայացնել կառավարությունը, չնայած վերջին իրադարձություններով պայմանավորված, այստեղից ևս հնչող հայտարարությունները լավատեսական չեն։ Կան մտահոգություններ նաև բյուջեի եկամուտների հետ կապված։ Եթե այս իրավիճակը երկարի, չի բացառվում, որ առաջիկայում կառավարությունը ևս հանդես գա տնտեսական աճը վերանայելու նախաձեռնությամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս