Մինչ ՌԴ-ն պատերազմում է՝ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում ստանձնել «նախաձեռնությունը»․ վերլուծաբան
«Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում ստանձնել առկա բոլոր քաղաքական հարցերի կարգավորման նախաձեռնությունը, սակայն դա ժամանակավոր կարող է լինել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմին զուգահեռ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին։
Հայ-ադրբեջանական սահմանին և արցախյան ուղղությամբ վերջին տասնօրյակի ընթացքում հրադադարի խախտումների ֆոնին Երևանն ու Բաքուն հեռակա երկխոսություն նախաձեռնեցին Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Ադրբեջանը ներկայացրեց այդ երկխոսության իր 5 կետանոց շրջանակը, ՀՀ-ն դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին այդ ձևաչափով բանակցային գործընթաց սկսելու, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի հարցը քննարկելու համար։ Ադրբեջանը հստակեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, չի արձագանքում նաև Երևանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ով բանակցություններ սկսելու առաջարկին, իսկ ՀՀ իշխանությունները խոսում են կարգավիճակի մասին՝ առանց հստակեցնելու, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը, և չեն բացառում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Խաղաղության համաձայնագրի շուրջ երկխոսություն սկսելու Երևանի ու Բաքվի մտադրությունը ողջունում է նաև Անկարան, որն առանձին շփումների մեջ է Երևանի հետ։
Զուգահեռաբար՝ հարավկովկասյան ուղղությամբ ակտիվացել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները։ Մարտի 8-ին Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այց կատարեց Ֆրանսիայի Հանրապետություն, որին նախորդել էին Ֆրանսիայի նախագահի շփումները թե Փաշինյանի, թե Ալիևի հետ հեռախոսով։ Մարտի 14-ին Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցներ նախաձեռնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Ֆրանսիայի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ժան-Իվ Լը Դրիանը զրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ և ընդգծել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորությունը և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։ Ֆրանսիացի դիվանագետը հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
Հարկ է նաև նշել, որ օրերս կայացավ նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց և նախապատրաստվում է Փաշինյանի այցը Մոսկվա ապրիլին, սակայն Ռուսաստանը հարավկովկասյան ուղղությամբ դիվանագիտական ճակատում էապես թուլացել է։
Լուկիանովն այն կարծիքին է, որ այս ամենն անսպասելի չէր, քանի որ Արևմուտքը գործի է գցել Ռուսաստանին բոլոր ուղղություններով թուլացնելու, ազդեցությունը փոքրացնելու «մեքենան»։
Ըստ նրա՝ ընդունված է ասել, որ ավելի լայն իմաստով Արևմուտքը պայքարում է տնտեսական պատերազմի գործիքներով, սակայն դա այդպես չէ, աշխատում են բոլոր ոլորտները, բոլոր ուղղությունները, որոնցում կա ռուսական հետք, ազդեցություն։
Լուկիանովի կարծիքով՝ Ռուսաստանը, իհարկե, դա նկատում է, բայց կարծես դիվանագիտական դաշտում իրեն վստահ է դրսևորում։
«Հարավկովկասյան ուղղությամբ հաջողելու համար Արևմուտքին հարկավոր է գործընթացները շատ արագացնել, որին իրենք սովոր չեն, ինչո՞ւ արագացնել, քանի որ ընդհանուր ռուսական քաղաքականությունը նաև այդ ուղղությամբ կախված է նրանից, թե երբ կհանգուցալուծվի ուկրաինական պատերազմը, այդ հարցում կարևոր է նաև դիտարկել, թե այն վերջին հաշվով ինչ պայմանավորվածություններով կավարտվի։ Սակայն միամտություն է կարծել, որ մեկ կամ երկու ամսում ռուսական ազդեցությունը կարելի է վերացնել կամ ՌԴ-ին դուրս բերել տարածաշրջանից, ԵԱՀԿ Մինսկի խմբից։
Կարծում եմ՝ Արևմուտքի ծրագրերում է պատերազմի ընթացքում հնարավորինս հաստատվել Ուկրաինայից բացի այլ ուղղություններով, բնականաբար, Հարավային Կովկասը գլխավորներից է, դա ռազմավարական, հանգուցային ռեգիոն է, մեծ գեոտնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի գոտի է, դրա համար կա աշխարհաքաղաքական պայքար։ Եվ Ղարաբաղյան պատերազմի փուլում Արևմուտքը տանուլ տվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես զրկվեց գործունեության դաշտից, հիմա փորձում են վերականգնել՝ համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ։ Սակայն ես գտնում եմ՝ վաղ է ասել, ամեն բան այդքան պարզ չէ, Հարավային Կովկասում կան իրողություններ բոլորի համար, դրանցում Ռուսաստանն ունի ներկայություն, ունի հարաբերություններ, և հետաքրքրականն այն է, որ տարածաշրջանը երկար փուլերով անուշադրության է մատնված եղել ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից, իսկ հիմա, երբ այլ տեղում ՌԴ-ն պատերազմում է, իրենք են ակտիվացել։ Սակայն պատերազմը ժամանակավոր է, և ես կարծում եմ՝ այդ հաշվարկներն այնքան էլ տեղին չեն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ առաջիկայում տեղի է ունենալու բարձրաստիճան այց, որը ստեղծված իրավիճակում օգտակար է լինելու կողմերի համար՝ իրենց խնդիրները քննարկելու նպատակով։ «Այն հանգամանքը, որ Արևմուտքը մեծ ջանքեր է ներդնում այդ ուղղությամբ՝ փաստ է, սակայն այս պահին Ռուսաստանի համար ոչ այնքան կարևոր հանգամանք»,- ասաց նա։