Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտ ամսին քառակի ավելացել է
Ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան մարտին ավելացել է քառակի, ինչը վկայում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից հետո համաշխարհային էներգետիկական հոսքերի վերաբաշխման մասին:
Այդ մասին գրում է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը, որն էներգապաշարների սպառման գծով մեծությամբ երրորդ երկիրն է աշխարհում, ռուսական նավթի մի քանի խմբաքանակ է գնել, քանի որ Եվրոպայում սպառողները խուսափել են ՌԴ պաշարներից Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից հետո:
Մարտ ամսին Ռուսաստանն օրական Հնդկաստան է արտահանել 360 հազար բարել, ինչը գրեթե քառակի ավելի է, քան 2021 թվականին:
Kpler գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը սովորաբար գնում է CPC տեսակը՝ ղազախստանյան եւ ռուսաստանյան նավթի խառնուրդը, սակայն մարտին զգալիորեն աճել է Urals մակնիշի նավթի գինը, ինչը խոսում է այդ մակնիշի նկատմամբ հնդիկ սպառողների հետաքրքրության մասին՝ հակառակ Եվրոպայի հասարակական կարծիքի:
«Հնդկաստանը գնում է արդեն Ռուսաստանից ուղարկված նավթի բեռները, որոնք չեն կարողանում գնորդներ գտնել Եվրոպայում»,- հրատարակությանն ասել է Kpler-ի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքս Սեյլզը:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին նախազգուշացրել էր, որ Հնդկաստանը կարող է պատմական անցյալի շեմին հայտնվել, եթե նա ռուսական նավթ գնի, թեեւ Փսաքին ընդունել է, որ այդ գնումները չեն խախտում ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Ավանդաբար ռուսական նավթը կազմում է Հնդկաստան ներմուծման ընդհանուր ծավալի 5 տոկոսից պակաս մասը, որն անցյալ տարի կազմել է օրական 4,2 միլիոն բարել: «Հնդկական ընկերություններն այնքան էլ շատ չեն գնել Ռուսաստանից՝ հաշվի առնելով տրանսպորտային մեծ ծախսերը»,-FT-ին հայտարարել է Ambit Capital-ի վերլուծաբան Վիվեկանանդ Սուբարամանը:
«Կարծես, այժմ դա փոխվումէ»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: