«Անգամ Արթուր Գևորգյանի հոր՝ ազատամարտիկ Սամվել Գևորգյանի կողմից կառուցված տան վրա է արգելանք դրվել». Փաստաբանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կրկնակի ստանդարտների մասին
Մարտի 7-ին civilnet.am-ը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։
Այս լուրը խզման հերթական թեման դարձավ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև: Դատախազությունը կարծում էր, որ Դատարանն է այդպես որոշել, դատական ակտն իրենց կողմից բողոքարկվել է, և առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ պատասխանել էին, որ Հ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո:
Ըստ դատախազության՝ խիստ տարօրինակ է, սակայն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերներն այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի՝ օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:
Կարճ ասած՝ դատախազությունից ասել էին՝ ենթադրենք, դուք ճիշտ եք, բա ինչո՞ւ եք հենց հիմա հիշել այդ մասին: Եվ, իհարկե, ճիշտ արեց:
«Ժողովուրդ» օրաթերթը, մասնավորապես, այսօր գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի գույքը ևս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա ևս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան:
«Դատարանը բավարարել է Գևորգյանի հայցը և քննիչին պարտավորեցրել վերացնել Գևորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գևորգյանի գույքը ևս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել»,- գրել էր օրաթերթը, որին, ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել էին, որ գործը նախաքննության փուլում է, և այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ:
168.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանն ասաց, որ Արթուր Գևորգյանի վերաբերյալ գործով պաշտպանական թիմը դատարան համապատասխան բողոք է ներկայացրել, որով իրենք խնդրել են հանել Գևորգյանի գույքերի նկատմամբ սահմանված արգելանքները:
«Առաջին ատյանի դատարանը բավարարել է մեր բողոքը: Սահմանվել է, որ գործը ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչը նշանակում է, որ այդ պահից սկսած՝ այն սկսում է իրավական հետևանք առաջացնել, և դատախազության մեկնաբանությունն առ այն, որ պետք է բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, եթե այն չբողոքարկեն, նոր միայն կատարվի դատական ակտը, սին ու անհիմն մեկնաբանություններ են առհասարակ»,- ասաց Հրանտ Անանյանը:
Վերջինս նկատեց՝ խնդիրն այն է, որ Արթուր Գևորգյանի գործով Առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը բողոքարկվել է Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ:
«Վճռաբեկ դատարանը դեռևս այս հարցերի վերաբերյալ վերջնական որոշում չունի, բայց դատական ակտը չի կատարվում: Իրավիճակը հետևյալն է. դատախազությունը կամայական մեկնաբանություններով չի կատարում դատական ակտը, Նախկինում՝ ՀՔԾ, ներկայումս՝ Հակակոռուպցիոն կոմիտե վերանվանված կառույցը՝ նույնպես: Սա ըստ էության օրենքի կիրառման խտրական մոտեցում է, ու այս հանգամանքը շատ կարևոր է: Հետևաբար՝ մենք պնդում ենք՝ անթույլատրելի է գույքի նկատմամբ արգելանքը, և առնվազն հենց այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է որոշում կայացնի գույքերն արգելանքից հանելու վերաբերյալ, քանի դեռ հակառակի մասին որոշում չկա»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ճիշտ է վարվել, բայց նաև նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի համանման գործերով:
«Եթե Հակակոռուպցիոն կոմիտեում իրավաբական դիրքորոշում է փոխվել, ապա այս պահին առնվազն երկակի ստանդարտների հանգամանքը հերքելու նկատառումներից ելնելով՝ պետք է որոշում կայացվի, և մենք կրկին գրավոր դիմել ենք Կոմիտեին՝ կատարելու դատական ակտը»,- ասաց Հրանտ Անանյանը` հավելելով, որ սույն դատական ակտը, մոտ 9 ամիս է, արդեն գոյություն ունի, և իրենք ներկայացրել են պահանջ դատական ակտի անհապաղ կատարման վերաբերյալ:
Նոր գրավոր դիմումի պատասխանը, ըստ Հրանտ Անանյանի, իրենք դեռ չունեն:
Հարցին՝ արդյո՞ք այդ գույքերի մեջ կան նաև Արթուր Գևորգյանի հորը՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս նահատակ Սամվել Գևորգյանին պատկանող գույքերից, Հրանտ Անանյանը պատասխանեց՝ աբսուրդայինն այն է, որ անգամ հոր կողմից կառուցված տան վրա է արգելանք դրվել:
«Արգելանք է դրվել Արթուր Գևորգյանին հորից՝ ազատամարտիկ Սամվել Գևորգյանից՝ որպես ժառանգություն ստացած գույքի վրա, որտեղ որդին ունի բաժնեմաս»,- ասաց փաստաբանը:
Հրանտ Անանյանը նշեց՝ ամենավատն այն է, որ իրավապահ մարմիններն օրենքի կիրառմանը, գործի ճակատագրին մոտենում են սեփական տնատիրական, այլ ոչ տնօրինչական ամբիցիաներով, որովհետև տնօրինչական ամբիցիան նշանակում է պաշտոնեական լիազորությունների կիրառում անհրաժեշտաբար, ոչ թե սեփական ցանկություններին համապատասխան: