Բաժիններ՝

Բուհի փակման պատճառով վատթարանալու է առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող դիմորդների և նրանց ընտանիքների վիճակը. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները շարունակում են պայքարել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Որոշումն ընդունվել է (որոշման 8-րդ կետ) Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի նիստում։

Համալսարանի նախկին ու ներկա ուսանողները, սակայն, չեն համակերպվում այս մտքի հետ ու շարունակում են պայքարել:

Նրանց խոսքով՝ շատ ցավալի է, որ ապակենտրոնացման կամ մարզերի զարգացման մասին խոսելուն զուգահեռ՝ փակում են բուհերի մարզային մասնաճյուղերը: Եթե փակում են բուհը, ուրեմն խթանում են մարզից արտագաղթը: Սրա փոխարեն՝ առաջարկում են մտածել, թե ինչպես բարելավել կրթության որակն ու շատացնել ուսանողների թիվը։

«Մինչև որոշումը փորձում ենք անել այն, ինչ հնարավոր է: Մեր համալսարանն ավարտածների գրեթե 90 տոկոսն աշխատում է հիմնական մասնագիտությամբ: Տեղավորվում են աշխատանքի բանկային, ապահովագրական, զբոսաշրջային, պաշտպանական ոլորտներում, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման համակարգում, մասնավոր ձեռնարկություններում։ Ինչ վերաբերում է դասախոսներին, ապա մասնագետների խնդիրն այնքանով է, որ իրենք պատճառաբանում են, որ դասախոսների մի մասը գալիս է Երևանից, ու կան նաև դասախոսներ, ովքեր մի քանի առարկա են պարապում, բայց դրանք, ըստ մեզ, անուղղելի խնդիրներ չեն, որ համալսարանը փակվի»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի երկրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինեն:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի նախկին, ներկա և ապագա ուսանողները նամակ են գրել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին՝ հայտնելով իրենց մտահոգությունը մասնաճյուղում 2022-2023թթ․ ընդունելության դադարեցման փաստով։ Նրանց խոսքով՝ Հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման ֆոնին մասնաճյուղն այժմ ունի 250-ից ավելի ուսանող, ինչը բարձր ցուցանիշ է նման քիչ բնակչությամբ մարզի համար։

Կրթությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հիմնավորապես փոխել է տեղի երիտասարդության կյանքը՝ հնարավորություն տալով մասնագիտական առաջխաղացման և կյանքի որակի բարելավման, ինչն անհնար կլիներ, եթե չլիներ բուհում ուսումնառությունը։ Շրջանավարտներից շատերը մարզում կարևոր ոլորտներում պատասխանատու պաշտոնյաներ են ու կարևոր դերակատարներ։

«ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը նպաստել է նաև մարզում երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացմանը։ Տասնյակ ուսանողներ տարբեր ֆոնդերի կրթաթոշակառուներ են, ակտիվ հասարակական գործիչներ, տարբեր ծրագրերի շահառուներ ու մրցանակակիրներ։ Փակելով մարզում գտնվող միակ բուհը՝ դրանով կնպաստեք դեպի մայրաքաղաք միգրացիային այն դեպքում, երբ առանց այդ էլ մայրաքաղաքը գերբնակեցված է, իսկ մարզերից արտագաղթը վտանգավոր չափերի է հասել։

Փակման դեպքում կտուժեն Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները, քանի որ նրանցից շատերը պատրաստվում են կրթությունը շարունակել այնտեղ։

Բուհի փակման պատճառով վատթարանալու է առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող դիմորդների և նրանց ընտանիքների վիճակը։ Պոտենցիալ ուսանողների մեծ մասը պարզապես չեն կարող շարունակել իրենց կրթությունը, ինչը բացասաբար կազդի նրանց ճակատագրի վրա։

Ի վերջո, չի կարելի մոռանալ մարզի զարգացման գործում մասնաճյուղի կարևորության մասին։ Երևանում կրթություն ստացածների շատ փոքր մասն է վերադառնում մարզ, մինչդեռ մեր շրջանավարտների հիմնական մասն աշխատանք է գտնում հենց հայրենի մարզում՝ կանխելով մարդկային թանկ ռեսուրսի արտահոսքը։

Մարզի բնակչության, բուհի ողջ ուսանողության և շրջանավարտների պահանջն է՝ վերականգնել ընդունելությունը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում և ծավալել մասնաճյուղի կարգավիճակի կամ ձեր կողմից նման որոշման հիմնավորումների ընդլայնված հանրային քննարկում։ Համոզված ենք, որ դեռևս ուշ չէ»,- գրված է ռեկտորին ուղղված նամակում։

Հավելենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 10-ին համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հարցով կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Քննարկմանը մասնակցող տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, որը եղել է համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի առաջին տնօրենը 4 տարի, ասել է, որ մասնաճյուղի առջև դրված բոլոր խնդիրները լուծվել են: Նա նշել է, որ մասնաճյուղի գործունեության առաջին տարում ուսանողներ են ունեցել այլ մարզերից, Երևանից՝ ևս: Շեշտել է՝ ցանկացած խնդիր ունի իր լուծումը, և եթե մասնաճյուղը թեկուզ մեկ տարի ընդունելություն չհայտարարի, 4 տարվա «պատուհան» է առաջանում, եղած խնդիրներին հավելյալ խնդիրներ են առաջանալու: Ըստ նրա՝ գիտխորհրդում այդ հարցը բարձրացնելուց առաջ դա չի քննարկվել ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս