Բաժիններ՝

«Առավոտյան պայմանավորվեցի տան համար՝ գինը 130.000 դրամ էր, իսկ երեկոյան դարձավ 150.000»․ տանտերերը գները բարձրացնում են

Հայաստանում վարձով բնակարան գտնելը շարունակում է խնդիր մնալ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշակի թանկացում նկատվեց, որը հասավ գագաթնակետին՝ 2022թ. փետրվարի 24-ից ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված:

Այսպես ասած, «տանտերերը» զանգում և վարձակալներին հայտնում են իրենց «դարի որոշումը», որն է՝ բնակարանի համար այսուհետ 20.000-50.000 դրամ ավելի պետք է վճարել, իսկ եթե ոչ՝ պետք է լքեն տունը:

Օրինակ, 80.000 դրամ վարձավճարով բնակարանն այսօր դարձել է 140.000 դրամ, 120.000-ը՝ 150.000 դրամ, և այդպես շարունակ:

Երևանում երկար փնտրտուքներից հետո բնակարան կհաջողվի գտնել 130.000-250.000 դրամով, Էջմիածնում՝ 80.000-150.000, Արտաշատում՝ 80.000-170.000, Աբովյանում՝ 70.000-130.000, Գյումրիում՝ 90.000-150.000, Չարենցավանում՝ 80.000 դրամի սահմաններում:

Քաղաքացիները ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից են համարում անհաջող հիպոթեքային ծրագրերը, որոնք նախատեսված են հիմնականում ապահովված խավի համար, ինչի արդյունքում կանխավճար ու անշարժ գույք ունեցողը կարողանում է գնել մի քանի բնակարան, իսկ հասարակ աշխատող քաղաքացին ստիպված վարձակալում է մի քանի տուն ունեցողներից՝ կախված լինելով նրանց քմահաճույքներից։ Անհրաժեշտ է, որպեսզի պետությունը կառուցի մատչելի ուսանողական հանրակացարաններ, ինչի արդյունքում կունենանք անշարժ գույքի վարձակալության շուկայի թեթևացում։

«Առավոտյան պայմանավորվեցի տան համար, գինը 130.000 դրամ էր, իսկ երեկոյան գնացի բնակարան՝  35 քմ է, տեսա, տանտերը, թե անշարժ գույքի գործակալը զանգեց, ասեց, թե՝ ի՞նչ գնով ես տալիս… մի խոսքով՝ հայերի համար դարձրու 150.000 դրամ, ռուսների համար՝ 180.000: Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ թվեր են. մարդիկ 100.000 դրամ աշխատավարձ են ստանում, 150.000 դրամ ինչպե՞ս են վճարելու»,- մեզ հետ զրույցում պատմեց քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «25 տարի է՝ վարձով եմ բնակվում: 6 հոգանոց ընտանիքիս հետ մինչև փետրվարի վերջ բնակվում էի Ջրվեժում, վճարում էի 70․000 դրամ, սակայն դեկտեմբերին տանտերը զանգել ու ասել էր, որ մինչև հունվարի վերջ ժամանակ է տալիս, որպեսզի լքենք տունը: Գտել ենք այլ տուն, որի համար մի կերպ 120.000 դրամ ենք վճարում: Տանը մինիմալ պայմաններ են, բարվոք վիճակ: Այդ գնի համար նման պայմաններն աբսուրդ են: Ունեմ անչափահաս երեխաներ, տարբեր կենցաղային հարցեր կան: Ուղղակի պետությունը պետք է այս հարցը լուծի, գոնե հիպոթեքային պայմանները բարելավվեն, որ այսքան վարձ վճարելու փոխարեն՝ գոնե տուն կարողանանք ձեռք բերել»:

Անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետ, «Էյրիս» ընկերության հիմնադիր տնօրեն Ռոզա Ղռեջյանի դիտարկմամբ՝ վարձով տրվող բնակարանների գները կարող են տատանվել՝ պայմանավորված մարդկանց քանակով ու եղանակով: Օրինակ, ամռանն օրավարձը 30 դոլարի փոխարեն՝ կարող է արժենալ 80 դոլար: Սակայն խնդիրները, ըստ նրա՝ ճյուղավորված են։

«Մենք չունենք հիպոթեքային պայմաններ: Այսօր ամբողջ Երևանը շինհրապարակ է: Աշխատելով անշարժ գույքի ոլորտում, 15 տարի է՝ վարձով եմ բնակվում: Չունեմ հիպոթեքով բնակարան վերցնելու հնարավորություն: Իսկ տանտերն անցած շաբաթ զանգել է մեզ ու բարձրացրել տան վարձը՝ սարքելով 170.000 դրամ՝ նախկին 120.000-ի փոխարեն: Ստիպված համաձայնել եմ, քանի որ այս պահին ռեալ չէ գույք գտնելը, ավելին՝ սարսափելի թանկ է, պետք է և՛ առաջին, և՛ վերջին ամսվա համար վճարել: Սրան գումարած՝ բրոկերի միջոցով պետք է գտնենք ու վճարենք վարձի 50 տոկոսը: Աբսուրդ գին է լինում: Խելամիտ չեմ համարում նաև օտարերկրացիների դեպքում նման գներ սահմանելը, քանի որ կարող են թողնել Հայաստանն ու գնալ Վրաստան: Պետք է մի քիչ հեռուն նայել, որ չլքեն մեր երկիրը, քանի որ բիզնեսն էլ է գալու: Լոբբինգը պետք է ճիշտ կազմակերպվեր, որ չվանեին: Այսօր արդեն հնարավոր չէ տուն գտնել Աբովյանում, Գյումրիում, Արմավիրում, Էջմիածնում: Երևանի գներին ոչ մի բանով չեն զիջում: Արդյունքում՝ տուժում են այն շրջանները, որոնք այնքան էլ հեռու չեն Երևանից: Նրանք, ովքեր մեկ ամսով են գալիս Հայաստան, կարելի է նրանց ժամանակավոր ուղղորդել այլ  շրջաններ, օրինակ՝ Գավառ, որը Երևանից 70 կմ է հեռու: Այնտեղ և՛ կյանքն է ավելի էժան, և՛ տները»,- մանրամասնեց Ռոզա Ղռեչյանը:

Նա նշեց, որ կան բրոկերներ, ովքեր ազնվորեն շարունակում են աշխատել, վերցնել իրենց տոկոսը, բայց կան այնպիսիները, ովքեր գին են բարձրացնում: Ասենք, մարդը ասել է՝ 900-ի փոխարեն՝ տունս տալիս եմ 1000 դոլարով, բրոկերը 1500 դոլարով է տալիս: Հետևաբար՝ պետք է ապահովել հիպոթեքային բարենպաստ պայմաններ՝ վարձով ապրողների համար, հարկային դաշտ պետք է մտնեն շահույթ ունեցող բնակարանատերերը, որովհետև մարդ կա՝ 10-ից ավելի տուն ու տարածք ունի, իսկ  հարկային դաշտը լուծում է մեր սահմանի, զինվորի խնդիրը: Պետք է որպես այլընտրանք՝ առաջարկել նաև մարզերը, որովհետև կան մարդիկ, որոնց համար կապ չունի՝ բնակարանը Երևանո՞ւմ է, թե՞ մարզում:

Ավելի վաղ զրուցել ենք նաև տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ՝  հետաքրքրվելով, թե կամայական գին սահմանելը, հարկերը չվճարելը նորմա՞լ է, ինչպե՞ս կարելի է կարգավորել այս դաշտը, մեխանիզմներ պետք չէ՞ մշակել, ասենք, տանել հարկային դաշտ, նա պատասխանել էր, որ Հայաստանն ունի դեֆիցիտային տնտեսություն, չկան տնտեսական հնարավորություններ՝ չեզոքացնելու այդ ազդեցությունը.

«Տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, օրինակ, թանկացումը, որոնց վրա Հայաստանն ազդել չի կարող: Այստեղ փորձել չեզոքացնել՝ կարելի է, բայց անիմաստ է, որովհետև Հայաստանը նման հնարավորություններ իրականում չունի:  Ինչ վերաբերում է բնակարանների գներին ու այս ամենը հարկային դաշտ տանելուն՝ ասեմ, որ հիմա ամեն ինչ հարկային դաշտ մտցնելու փորձ կա, բայց պետք է գիտակցել, որ եթե հիմիկվա կարգավորումներով 10 տոկոսանոց հարկով հարկային դաշտ մտցնենք վարձակալներին, ապա դա էլ ավելի մեծ հարված է լինելու ՀՀ ժողովրդի բարեկեցությանը:

Իրականում կարգավորումներն ընդունվել են, որպեսզի Հայաստանում տարածքներ վարձող ընկերությունները վճարեն, որովհետև իրենք ամբողջությամբ հարկային դաշտում են գտնվում: Հիմա եթե սկսեն քաղաքացիները վճարել, ապա լուրջ պրոբլեմ է դառնում, որովհետև, վերջին հաշվով, այդ վճարը գալու է բնակարան վարձողների «վզին». 150.000 դրամ արժողության վարձով բնակարանը դառնալու է 165.000: Այնպես որ, սա լուծում չէ, և առհասարակ, ստվերային տնտեսության դեմ պայքարը տնտեսական աճի լուծում չէ, դա լուծում է, որպեսզի բյուջեն լցվի: Ստվերային տնտեսության դեմ պայքարը նաև խփում է տնտեսությանը. իր համար լրացուցիչ բեռ է, չնայած օրինական է:

Եթե մենք ուզում ենք տնտեսական աճ ունենալ, ապա պետք է զարգացնենք տեխնոլոգիաները, ձեռնարկատիրությունը և դրսից ռեսուրսներ բերենք:

Պետք է հասկանանք, որ սա շուկա է, և քանի որ մենք շուկայական տնտեսությունում ենք գործում, դրա լուծումը հետևյալն է. պետք է ավելացվի բնակարանների առաջարկը, օրինակ՝ նոր շինարարությունը շատ պետք է լինի, աշխատավարձերը բարձրանան, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն վճարել, սակայն հարկերով այս հարցը, մեկ է, չի լուծվի, վիճակը միայն կբարդանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս