Հանգչիր խաղաղությամբ, ուսուցիչ
«Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» և անձամ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» պատվավոր նախագահ Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին անվանի վիրաբույժի մահվան կապակցությամբ։
Վաստակաշատ վիրաբույժի կորուստը բոլորիս կորուստն է:
Անգնահատելի է Հովհաննես Վազգենի Սարուխանյանի վաստակը Հայաստանի բժշկագիտության, մասնավորապես վիրաբուժության բնագավառում, որին նա ծառայեց բարձր պրոֆեսիոնալիզմով և անսահման նվիրվածությամբ՝ որպես բարձրակարգի բժիշկ, գիտնական և ուսուցիչ, վիրաբուժության յուրահատուկ դպրոցի հիմնադիր և ղեկավար։
Նա միշտ մեզ համար կմնա բարձր հոգևոր և բարոյական հատկանիշներով օժտված իմաստուն մարդու և ընկերոջ լավագույն օրինակ։ Պրոֆեսորի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Հանգչիր խաղաղությամբ մեր բոլորի ուսուցիչ։
«Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ
պրոֆեսոր Մ.Մ.Միրիջանյան
Ստորև ներկայացնում ենք ԵՊԲՀ վիրաբուժուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի աշխատանքային կենսագրությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1938թ., 25 մարտի, ք. Երևան
Կրթություն
1955-1961թթ. – ԵՊԲԻ բուժկանխարգելիչ ֆակուլտետ
1961-1963թթ. – ՀՀ ԳԱԱ Սրտաբանության Գիտահետազոտական ինստիտուտում կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
Բժշկագիտության ոլորտում ունի 60 տարվա գիտամանկավարժական աշխատանքի անընդմեջ ստաժ:
1988 – 2008թթ. – ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչ
2008 – 2011թթ. – ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր
2011-ից – ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարին էչ, որը 2018-ին իր պատվին անվանակոչվել է պրոֆեսոր Սարուխանյանի անունով: 1987-2018-ը զբաղեցրել է ՀՀ ԱՆ վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: Մինչ այժմ ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաները: Անգնահատելի դերակատարում է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածների և Արցախյան պատերազմում վիրավորների բուժման պրոցեսում:
Գիտական գործունեություն
1965թ. – պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Սրտամկանի վերանոթավորման ներսրտապարկային վիրաբուժական մեթոդների համեմատական գնահատականը» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1969թ. – պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դեղորայքային միջոցների երկարատև ինֆուզիան ռեգիոնար անոթներ` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների բարդությունների կանխարգելման և բուժման ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1987-2015թթ. Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահ
1987- 2018 ՀՀ ԱՆ վիրաբուժության գլխավոր մասնագետն է
1987թ.-ից վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է
2000 թ.-ից` իր կողմից կազմակերպած Հայկական Վիրաբուժություն XXI Պրոֆեսիոնալների Միության նախագահն է
2003 թ-ին կազմակերպել է Համահայկական միջազգային վիրաբուժական կոնգրես
2007 թ-ին շնորհվել է ՀՀ Գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչումը
2008թ-ին կազմակերպել էՄիջազգային վիրաբուժական կոնգրես «Անհետաձգելի վիրաբուժություն»
2010թ.-ին- ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված Միջազգային Կոնգրես
2013թ.-ին կազմակերպել է Մեծահասակների վիրաբուժություն միջազգային կոնգրես
2014թ.-ին- Թիվ 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակին նվիրված «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» գիտաժողով
Ունի զգալի ներդրում ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 դասագրքերում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում:
ԽՍՀՄ-ում առաջինն է կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող ալիքային լիթոտրիպսիա: Ուսումնասիրել և գործնականում ներդրել է սինթետիկ միջադիրների կիրառումը սրտամկանի հետինֆարկտային թուլության, պարենխիմատոզ օրգանների վնասվածքների ժամանակ: Հայաստանում առաջինն է կատարել անգիոպուլմոնոգրաֆիա, աորտո-արտերիոգրաֆիա, լիմֆոգրաֆիա, պորտոգրաֆիա, պանկրեատո-դուդենալ մասնահատում, լյարդի ձախ բլթի մասնահատում, աջ բրոնխի մասնահատում, կերակրափողի ներպլևրալ պլաստիկա հաստ աղիքով, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլոմայի կապակցությամբ: Մշակել է ստամոքսի մասնահատման ժամանակ գաստրո-էնտերոանաստամոզի, պերֆորատիվ խոցի, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ալոպլաստիկ վիրահատությունների, մեխանիկական դեղնուկի ժամանակ բիլիոդիգեստիվ անաստամոզների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր:
Նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել է 7 դոկտորական և 23 թեկնածուական ատենախոսություններ
Պարգևներ
1989թ.- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան, ՀՀ կառավարության շնորհակալագիր ու պատվոգիր:
1989թ-ին արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «ԽՍՀՄ գյուտարար-ռացիոնալիզատոր» կոչումներին:
2000թ. – «Մխիթար Հերացի» մեդալ
2006թ. – «Մարշալ Բաղրամյան» մեդալ
2007 և 2008թ. ՀՀ վարչապետի հուշամեդալ
2008թ. – ՀՀ Առողջապահության Նախարարության «ոսկի մեդալ»
2008թ. – «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2013թ.- Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»
2013թ.- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շնորհվել է 1-ին աստիճանի շքանշան
2014թ. – «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» մեդալ
2019թ. շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսորի կոչում
2021թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: