Նվիրումը՝ անմահություն… Մասիս Սարգսյան
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության քաջի մահով ընկան ազգի բազմաթիվ նվիրյալներ։ Նրանցից է Մասիս Սարգսյանը։
Մասիս Արկադիի Սարգսյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 27-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ 1987թ. ընդունվել է տեղի դպրոցը և ավարտել այն 1997թ.։ 1998թ. նոյեմբերի 10-ին զորակոչվել է ՊԲ N զորամաս՝ որպես ավագ հրաձիգ։ 2000թ. զորացրվել է և 2003 թվականին նորից համալրել հայոց բանակի շարքերը, պարգևատրվել մի շարք պատվոգրերով, հուշամեդալներով, արժեքավոր նվերներով։
«2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրվանից Մասիսը առաջնագծում էր։ Իր մարտական ընկերոջ՝ ՀԽԴ նորանշանակ հրամանատար Աշոտ Աբրահամյանի նահատակվելուց հետո հրամանատարության կողմից անհապաղ ներկայացվել և նշանակվել է այդ պաշտոնում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։ Մասիսը գերազանցել էր ինքն իրեն։ Նա խիզախաբար, աներկյուղ, տրվել էր հայրենիքի պաշտպանության գործին։ Անձնվիրաբար մասնակցել Մատաղիսի պաշտպանության համար մղվող մարտերին։ Իր կյանքի քսան տարիները նվիրել է հայրենիքին։
Որդին՝ Արկադին և աղջիկը՝ Միլենան, մինչև օրս սպասում են իրենց հոր զանգին»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հպարտորեն պատմել է հերոսի կինը՝ Նատալյան։ Մասիս Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին, Մատաղիսի պաշտպանության ժամանակ։
ԱՀ նախագահի հրամանագրով` նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։