Վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման գործընթացը. Արարատ Միրզոյան
«Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին»,- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ»,- մանրամասնել է նա:
ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում:
«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը` ունենալ խաղաղ ու կայուն տարածաշրջան կա»,- շեշտել է նա:
Չավուշօղլուն, իր հերթին, ասել է, որ հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը ևս դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: