«Արևմուտքը, որպես «պլան-բ», կփորձի ապակայունացնել Ռուսաստանի հարավային թևը, դիցուք՝ Արցախը և հայ-ադրբեջանական սահմանը». Գրիգոր Բալասանյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող վերջին 4-5 օրերի իրադարձությունները, գազամատակարարման անջատումը, ուժգնացող գնդակոծությունը, ինչպես նաև արկակործումն ուղղակի կապ ունի ուկրաինական վերջին իրադարձությունների հետ։
«Սա նաև հաստատվում է ուկրաինացի, այսպես ասած՝ տարբեր տրամաչափի գործիչների ֆեյսբուքյան գրառումներով, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ադրբեջանական այս գործողություններին։ Նրանք նույնիսկ նշում էին, որ չէին էլ կասկածում Ադրբեջանի ընկերասիրության վրա, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է երկրորդ ճակատ բացելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում դեպքերի զարգացմանը, մեր զրուցակցի գնահատմամբ՝ ամեն ինչ գտնվում է անհասկանալի իրավիճակում, քանի որ, ըստ էության պատժամիջոցների առաջին շաբաթն անցավ, և գրեթե լուրջ սոցիալական ընդվզումներ ու հուզումներ չեղան։
«Ռուսաստանի դեմ սանկցիաներն ըստ էության չհանգեցրին սոցիալական բունտի, որի վրա էլ Արևմուտքը հաշվարկ էր արել։ Կարծում եմ՝ որպես «պլան-բ», կփորձեն ապակայունացնել Ռուսաստանի հարավային թևը, դիցուք՝ Արցախը և հայ-ադրբեջանական սահմանը։ Երկրորդ ճակատ բացելու և Ռուսաստանի ուշադրությունը շեղելու և նրան ստիպելու երկու ճակատով վարել ռազմական գործողություններ, որովհետև ակնհայտ է, որ Արցախում իրավիճակի սրումով և, Աստված ոչ անի, եթե կրակն ուղղվի ռուս խաղաղապահների վրա, չեմ բացառում նույն Ցխինվալի սցենարի կրկնությունը։ Այդ դեպքում Ռուսաստանն իր խաղաղապահներին օգնելու և աջակցելու համար այնտեղ կարող է շատ կոշտ միջոցառումների դիմել։ Ըստ այդմ պետք է սպասել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում։ Սակայն այն, որ այս երկու ուղղությունները միմյանց հետ կապ ունեն, կարծում եմ՝ կասկածել պետք չէ»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ պատժամիջոցների խստացման դեպքում էլ ռուսական կողմը հետ չի քաշվի, որովհետև դատելով պատժամիջոցների վերաբերյալ ռուսական իշխանությունների վերնախավի արձագանքներից՝ ենթադրվում է, որ նրանք այդ ամենի հետևանքները հնարավորությունների սահմաններում հաշվարկել էին։
«Իհարկե, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել են, այսօր արդեն նշվեց, որ ռուբլու դեֆոլտի մասին խոսք լինել չի կարող, այսինքն՝ ռուսական տնտեսությունը դիմադրում է։ Այսօր արդեն ՀՀ Կենտրոնական բանկն արձանագրեց, իրենց գնահատմամբ, ռուբլու կայծակնային աճ։ Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանի տնտեսությունը դիմադրում է և դուրս է գալիս հետշոկային վիճակից, որը տեղի ունեցավ առաջին մի քանի օրերի ընթացքում։ Չեմ կարծում՝ Ռուսաստան իր գործողությունները դադարեցնի, հակառակը՝ շարունակելու է այդ գործողությունը մինչև վերջ, իսկ վերջը մի քանի կետերի կատարումն է Ուկրաինայի կողմից՝ ֆաշիստական գաղափարախոսության վերջնական արգելումն է իրենց տարածքում, ապառազմականացումը, հրաժարումը հարձակողական սպառազինությունից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այս նպատակներն են, որ ռուսական կողմը դրել է իր առջև, և ըստ էության այդ նպատակն իրականացվելու է»,- շեշտեց Գ. Բալասանյանը։
Անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ՀՀ իշխանության ցուցաբերած չեզոքությանը՝ Գրիգոր Բալասանյանը նկատեց՝ ինչ-որ առումով այդ չեզոքությունը տրամաբանական է, հիշեցնելով Վիկտորյա Նուլանդի հայտարարությունն առ այն, որ ողջ աշխարհի ԱՄՆ դեսպաններին ու դեսպանատներին հանձնարարական է տրվել աշխատել տեղերում իշխանությունների հետ, որպեսզի դատապարտեն Ռուսաստանի գործողությունները։
«Ըստ էության այսօր Հայաստանը, որ գտնվում է արևմտյան բավականին լուրջ ճնշման տակ, նաև ռուսական կողմի իմացությամբ, գտել է ոսկե միջին տարբերակը, այսինքն՝ բացահայտ որևէ աջակցություն չի հայտնում, նաև հակառակը չի ասում»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։