Օլիգարխների նոր սերունդ է ձևավորվում
Օլիգարխներ Հայաստանում վաղուց կան, հիմա էլ շարունակում են լինել։ Պարզապես վերջին շրջանում նաև նոր դեմքեր են սկսում ի հայտ գալ։
Օլիգարխի դասական օրինակ է Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Ժամանակին հենց նա էր կանգնած Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հիմքերում։ Մի պահ Սուքիասյանը զրկվել էր այդ կարգավիճակից, բայց իշխանափոխությունից հետո կրկին իր դիրքերում է։
Օլիգարխիան, ինչպես հայտնի է, իշխանության և բիզնեսի սերտաճումն է։ Այն, ինչ հիմա տեսնում ենք Սուքիասյանի պարագայում։ Մի կողմից՝ նա տիրապետում է բիզնեսի բավական մեծ հնարավորությունների, մյուս կողմից՝ ազդեցիկ դիրք է զբաղեցնում իշխանական հիերարխիայում։
Թեև, որպես այդպիսին, Հայաստանում բիզնեսն իրավական առումով տարանջատված է քաղաքականությունից, այնուհանդերձ, դա գործնականում ձևական բնույթ է կրում։ Պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո երբեմնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի կամ նրա ընտանիքին պատկանող բիզնես-գործունեությունը կրկին թափ հավաքեց։
Նախ՝ նա կամ նրա ընտանիքը հայտնվեց վառելիքի շուկայում՝ ձեռք բերելով դաշտում գործող ընկերություններից մեկը, այնուհետև մտավ ավիացիոն շուկա։ Հիմա էլ այլ ոլորտներ է փորձում մտնել։ Կապ չունի՝ դա անմիջականորե՞ն է անում, թե՞ ընտանիքի մեկ այլ անդամի կամ անդամների միջոցով։
Նրա հետ փոխկապակցված ընկերություններից մեկն իշխանափոխությունից հետո 5,5 մլրդ դրամի կամ ավելի քան 11 մլն դոլարի վառելիքի մատակարարման պայմանագիր կնքեց Պաշտպանության նախարարության հետ։ Մինչ այդ էլ կնքել էր 1,3 միլիարդի մատակարարման պայմանագիր։
Շատ հաճախ պետական գերատեսչություններն իշխանափոխությունից հետո Սուքիասյանին պատկանող ընկերությունում են ապահովագրում իրենց սպասարկող տրանսպորտային միջոցները։ Վերջերս ձեռք բերված իր նոր ծառայողական մեքենան Ազգային ժողովի նախագահը գերադասեց ապահովագրել հենց Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում՝ դրա համար պետության միջոցներից վճարելով բավական կլորիկ գումար՝ ավելի քան 1,6 մլն դրամ։
Սա ընդամենը մեկ օրինակ է, ինչը վկայում է, որ, չնայած իշխանափոխությունից հետո այդքան շահարկվում է, թե Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, այնուհանդերձ, իրականում բոլորովին էլ այդպես չէ։
Օլիգարխներ Հայաստանում տարիներ շարունակ եղել են ու այսօր էլ կան։ Այլ բան, որ նրանց մի մասը, հասկանալի պատճառներով, դեռևս ձևավորման փուլում է։
Օլիգարխները երբեմն առաջանում են հենց պետական գնումների շրջանակներում, որովհետև այստեղ ոչ միայն մեծ գումարներ են պտտվում, այլև հնարավոր է հեշտ հարստություն կուտակել։ Նույն ասֆալտի կամ մեկ այլ բիզնեսի միջոցով։
Զարմանալի չէ, որ արդեն բավական ժամանակ պետական գնումների շրջանակներում շրջանառվում են անուններ, որոնք փոխկապակցված են բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ։ Երբեմն զրոյից ստեղծված ընկերությունները հարյուրավոր միլիոն դրամների մրցույթներ են շահում։
Այդպիսիներից մեկն էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունն է, որն ընդամենը 2 գնման պայմանագրերով շուրջ 750 մլն դրամի մրցույթի հաղթող դարձավ։
Թե՛ Ալեն Սիմոնյանը, և թե՛ իր եղբայրը հավաստիացնում են, որ չեն հանդիսանում այդ ընկերության բաժնետերեր։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանն իրականում որևէ կապ չունի այդ ընկերության հետ, իսկ Ալեն Սիմոնյանի եղբայրն ընդամենը վարձու աշխատող է։ Հազար ու մի տարբերակներ կան այդ կապը ցույց չտալու համար։ Պարտադիր չէ բաժնետեր լինել, որպեսզի այդ կապը հիմնավորված լինի։
Չնայած տարբեր մակարդակներով փորձում են հավաստիացնել, որ այստեղ պաշտոնական դիրքի չարաշահում, հովանավորչություն կամ կոռուպցիոն ռիսկ չկա, այնուհանդերձ, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում՝ դրան դժվար է հավատալ։
Եթե Ալեն Սիմոնյանի եղբայրն այդքան բիզնես ունակություններ ուներ, ինչո՞ւ մինչև հիմա դա չէր փորձում իրացնել և միայն իշխանափոխությունից հետո որոշեց մտնել պետական գնումների ոլորտ և միլիոնների հասնող մրցույթներ շահել։
Միայն թե պետք չի ասել, թե նախկինում հնարավոր չէր առանց կոռուպցիայի կամ հովանավորչության հաղթել պետական գնումներում։ Հակառակ դեպքում հիմա պիտի բազմաթիվ քրեական գործեր բացահայտված լինեին գնումների հետ կապված։ Բայց ինչպես տեսնում ենք, չկան։
Չէր կարող այնպես լինել, որ իշխանափոխությունից հետո իշխանությանը մոտ կանգնած մարդկանց բիզնես ունակությունները հանկարծ միանգամից արթնանային, գործերն էլ սկսեին լավանալ։ Նշանակում է՝ այլ երևույթներ կան։ Այլապես շուկայում հանկարծ հայտնված ընկերությունը դժվար թե 1,8 մլրդ դրամի վառելիքի մատակարարման մրցույթ շահեր, երբ շուկայում վաղուց հիմնավորված հայտնի ընկերություններ կային՝ նույնիսկ մենաշնորհային կարգավիճակով։ Ու այդ ընկերությունների մեջ հաղթում է մեկը, ով ընդամենը մի քանի ամսվա կյանք ուներ, բայց նաև կապեր իշխանությունների հետ։
Հասկանալի է, որ օլիգարխները մեկ օրում կամ մեկ ամսում չեն առաջանում։ Ժամանակ է պետք, որպեսզի դրանք ձևավորվեն։ Հիմա այն պահն է, որ ընթանում է նոր օլիգարխների ձևավորման պրոցեսը։ Ժամանակի ընթացքում դրանք կսկսեն ավելի պարզ երևալ։ Այսօր գուցե դեռ չեն հասել այդ մակարդակին։
Նոր օլիգարխիայի ձևավորման գործում իշխանությունները պետական հովանավորչությունը երբեմն չեն էլ փորձում թաքցնել։ Կառավարության աշխատակազմում բավական բարձր պաշտոն զբաղեցնող անձին կամ ընտանիքին պատկանող ընկերության հետ մեկ անձից գնման ձևով պարբերաբար կնքվում են պայմանագրեր ու դա համարում են նորմալ երևույթ։
Վերջին շրջանում էլ չափից դուրս ակտիվացել է իշխանությունների հովանավորությունը վայելող, նախկինում ոչնչով աչքի չընկած մեկ այլ գործարար։ Նա հայտնի դարձավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը ձեռք բերելուց հետո։ Կառավարությունը նրա համար ստեղծեց չափազանց նպաստավոր պայմաններ, որպեսզի ձեռք բերի համալիրը։ Ոչ միայն նվազեցրեց գինը, այլև հնարավորություն տվեց գումարը վճարել 5 տարվա ընթացքում։
Նման արտոնությունը հիմնավորվեց նրանով, որ գործարարը հայտնել է, թե հնարավորություն չունի միանգամից վճարել։ Հետո պարզվեց, որ հնարավորություն չունի միանգամից վճարել պետությունից գնված համալիրի 5 մլրդ դրամը, բայց կարող է միլիարդների գնով թանկարժեք բնակարան գնել։
Թե ինչո՞ւ է համալիրը վաճառելիս կառավարությունն այդքան առատաձեռն գտնվել այս գործարարի նկատմամբ, մնում է միայն ենթադրել։
Վերջերս էլ նրան պատկանող ընկերությունը սկսեց խաղեր տալ ձվի շուկայում, չհիմնավորված ցածր գներ կիրառել։ Դրա հետևանքով շուկայում գործող մեկ ընկերություն արդեն հասցրել է փակվել։ Առաջիկայում հավանաբար էլի փակվողներ կլինեն։
Ու չնայած իրականացվող ակնհայտ դեմպինգային քաղաքականությանը, մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ատամներով պաշտպանում է նույն գործարարին, հայտարարելով, որ փոքր կամ շուկայում գերիշխող դիրք չունեցող ընկերությունը չի կարող դեմպինգ իրականացնել։ Այն էլ ինչպես կարող է իրականացնել։ Դրա համար ընդամենը ցանկություն է պետք ու իշխանությունների հովանավորությունը։
Այսպես էլ իշխանությունները «պայքարում» են օլիգարխների դեմ ու առիթ-անառիթ հայտարարում, թե Հայաստանում վաղուց այլևս օլիգարխներ չկան, օլիգարխները խոշոր գործարարներ են։ Բայց պետք է հասկանալ, որ օլիգարխները հայտարարել-չհայտարարելով չէ, որ լինում են կամ չեն լինում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ