Փնտրվում է ներդրող. միջազգային կազմակերպություններն ահազանգում են՝ ՀՀ-ում դատարանները գտնվում են համակարգային քաղաքական ազդեցության տակ

Փետրվարի 18-ին 168.amտեղեկացրել էր, որ Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ՝ 2020թ. մայիսին, Փաշինյանի կողմից «ժողովրդավարության բաստիոն» կոչված մեր երկիրը նույն ինդեքսում 34-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

Այսինքն՝ ընդամենը ոչ լրիվ երկու տարում Հայաստանն իր դիրքերը զիջել է 24 հորիզոնականով:

Զեկույցում դասակարգումներն արվում են մի քանի սկզբունքների հիման վրա՝ իրավունքի գերակայություն, կառավարության միջամտության չափ, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա։

Իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերն էլ հենց դարձել է հետընթացի պատճառը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»:

Բայց սրա մասին իր պաշտոնավարման սկզբնական տարում ժամանակ առ ժամանակ «100 փաստ» հրապարակող ու իր կառավարության «հաջողության պատմությունների» մասին անդադար աղաղակող Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չի խոսի:

Փորձենք ավելի պարզ ու մեր իրողություններին համահունչ ներկայացնել The Heritage Foundation-ի հետազոտությունը:

Ըստ էության կազմակերպությունը բաց տեքստով ասում է՝ Հայաստանում դատարանները համատարած գտնվում են քաղաքական ազդեցությունների տիրույթում, իսկ սա նշանակում է, որ որոշակի բացառություններով, իհարկե, բայց մեր երկրում դատարաններին ուղիղ պատվեր է իջեցվում քաղաքական իշխանությունների կողմից, անձամբ կամ միջնորդավորված, ու այդ մասին տեղյակ են միջազգային կազմակերպությունները:

Նշվում է նաև, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, այն Հայաստանում, որի կառավարության դե յուրե ղեկավարն ամեն պատեհ-անպատեհ առիթով գոռում էր, որ երկրում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված: Իսկ թե ի՞նչ է նշանակում համակարգային կոռուպցիա, բոլորի համար է հասկանալի, որ դա նշանակում է՝ իշխանական ուղղահայացի վերից վար կոռումպացվածություն: Իշխանության գալուց 3 ամիս անց «Russia Today»-ին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանում կոռուպցիա չկա, ու հավատացրել էր՝ մեր երկրում հակակոռուպցիոն մթնոլորտը կպահպանվի:

Ի դեպ, այն մասին, որ Հայաստանում կոռուպցիա կա, վերջերս հաստատել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Առնվազն կաշառքի տեսքով տեսանելի դրսևորումը նվազել է, բայց դա չի նշանակում, որ կոռուպցիա չկա»,- ասել էր նա՝ հավելելով, որ շահերի բախումն ու պաշտոնավարման անհամատեղելիությունը ևս կոռուպցիոն դրսևորումներ են:

Խնդիրն այնքան սուր է, որ ԿԿՀ-ն անգամ հանրային ծառայողի վարքագծի կանոնագիրք է մշակել:

Բայց իշխանական թիմն ու նրա համակիրները առնվազն կանտեսեն սա, կոռուպցիայի մասին չի խոսվի, ավելին, ցանկացած անգամ ամենաուղիղ փաստը կշրջեն նախկին իշխանությունների ուղղությամբ, ինչն անում են արդեն 4 տարի, և կանեն, քանի դեռ դրա հնարավորությունն ու սպառողն ունեն:

Իսկ երկիրը գահավիժում է ցած արդեն գրեթե անկառավարելի արագությամբ, և «Տնտեսական ազատության ինդեքս-2022»-ի հետազոտությունը լոկ մի դրվագ է այդ անկման ցուցիչների մեջ:

Իսկ թե ո՞ր ներդրողն այս վիճակում գտնվող դատարանների պարագայում ռեսուրսներ կներգրավի Հայաստան, մնում է միայն գուշակել, եթե, իհարկե, անսահման վառ երևակայություն ունես:

Տեսանյութեր

Լրահոս