Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք խաղաղության դարաշրջանին կամ «Դվինի» խնջույքին
Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ ստեղծելու են թուրքական մոդելի փոքր բանակ, թեպետ արդեն պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ական կառավարման համակարգ:
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ ներկաներին է փոխանցել խաղաղության պայմանագրից խոսող Իլհամ Ալիևի՝ բանակի առջև դրված խնդիրները:
Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և այն տարածքներում, որտեղ ժամանակավոր գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրահանգել է անհապաղ արձագանքել «հայկական կողմի սադրանքներին»:
Համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանի՝ Հասանովը խորհրդակցությանը ներկա զինվորականներից պահանջել է նաև արագացնել Ադրբեջանի բանակում թուրքական մոդելի բանակի կիրառումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում:
Այն, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանն առանց ժամանակ կորցնելու՝ լծվել է սեփական բանակի վերակազմավորման գործին և հաջորդ պատերազմին, մեկ անգամ չէ, որ գրել ենք փաստ առ փաստ: Առանց մանրամասները ներկայացնելու՝ նշենք դրանցից 1-2-ը:
2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր էր բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, և ինչի վրա են շեշտը դնելու ադրբեջանական բանակի զարգացման և հզորացման հետպատերազմյան գործընթացում:
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ռազմական ենթակառուցվածքների ինչ էլեմենտներ կամ գործի չեն դրվել, կամ դրվել են շատ սահմանափակ ֆորմատով, կամ էլ եղել են խոցելի: Սա ևս շատ մեծ փորձ է: Բայց ավելին, քան նոր ասացի, հասկանալի պատճառներով չեմ կարող ասել»,- նշել է Ալիևը՝ շեշտելով, որ ավելացնելու են զինված ուժերի հզորությունը, քան ցուցադրվել է վերջին պատերազմի ժամանակ:
Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը մանրամասնել էր, որ կատարելագործելու են հատկապես հատուկ նշանակության ուժերը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել վերջին պատերազմում, ավելին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ են ստեղծելու: Խոսքը «komando» ստորաբաժանումների մասին է: Դրանց խնդիրներն են՝
-Հետախուզություն, դիվերսիոն գործունեություն,
-Ոչ ավանդական մեթոդներով մարտի վարում (պարտիզանական պատերազմ՝ հակառակորդի թիկունքում)
-Ցանկացած էքստրեմալ բարդ խնդիրների կատարում
-Հատուկ կարևորության օբյեկտների գրավում
-Քաղաքային պայմաններում մարտական գործողությունների իրականացում
-Հակառակորդի հենակետերի դեմ գործողության մասնակցություն՝ գրոհային խմբերում կազմում:
«Komando» ուժերի ստեղծումը և առհասարակ սեփական զինված ուժերի կատարելագործումը և հզորացումը Ադրբեջանի նախագահը պատճառաբանել է մի քանի հանգամանքով:
«Խոսքը ռևանշի փորձերի մասին է, և այն, որ մենք չգիտենք, թե ինչ կլինի 1, 2, 5 տարի հետո: Իսկ այսօր հայկական բանակն «ամբողջությամբ ջախջախված վիճակում է և ի զորու չէ դիմադրել մեզ», ընդ որում, ավելի շատ, քան Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էր»,- ընդգծել է Ալիևը՝ ակնարկելով, թե 44-օրյա պատերազմում հաղթանակի դափնիները չպետք է թմրեցնեն իրենց:
Այս հայտարարությունից մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի փետրվարի 25-ին, Ադրբեջանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունեց «Ադրբեջանի զինված ուժերի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով բարձրացվելու է երկրի զինված ուժերի, բոլոր զորքերի նյութատեխնիկական բազայի մակարդակը՝ ելնելով 2020-ի արցախյան պատերազմի փորձից:
Այսինքն, Ադրբեջանը հստակ պատրաստում է իր բանակը հաջորդ պատերազմին, իսկ ՀՀ-ում պատերազմից հետո 1.5 տարի միայն խոսում են բարեփոխումներից, պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից, բայց թե ի՞նչ մոդելի բանակ ենք ուզում, արդյոք նոր զորատեսակներ ենթադրո՞ւմ է այդ «նոր» բանակը, պարզ չէ:
Թերևս, Փաշինյանն ու իր նշանակած նախարարն էլ չգիտի՝ ինչ են ուզում: Իսկ գուցե գիտեն, պարզապես քաջություն չունեն բացեիբաց հայտարարելու՝ մեր իշխանությանը բանակ պետք չէ, «խաղաղության դարաշրջանի» օրակարգը դա բացառում է:
Ի դեպ, մարտի 7-ին Նախիջևանի հատվածում հայկական կողմն ադրբեջանական սադրանքների հետևանքով զոհ և վիրավոր է ունեցել:
Պարզվում է՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ինչպես վերևում նշեցինք, ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, իսկ ՀՀ ՊՆ-ում, ով գիտի, նախատոնական տրամադրություն էր…
Չմոռանանք, որ առջևում նաև 13 միլիոն դրամ արժողությամբ «Դվինի» խնջույքն է՝ բանակի կազմավորման 30-ամյակի պատրվակով: