«Պատերազմը բացառված է, ի՞նչ պատերազմ․․․»․ Տարասով

Ռուս-ուկրաինական պատերազմի և աշխարհաքաղաքական իրավիճակի արմատական փոփոխությունների ֆոնին սկսում է «եռալ» տարածաշրջանային «կաթսան»: Ռազմական լուրջ լարվածության բռնկման միտումներ են ի հայտ գալիս:

Նախ՝ տեղեկացնենք, որ հատկապես վերջին տասնօրյակի ընթացքում, երբ Ռուսաստանը ռազմական օպերացիա սկսեց Ուկրաինայում, դրանով իսկ աննախադեպ անկայունություն հարուցելով միջազգային հարաբերություններում, Ադրբեջանում սուր հակառուսական տրամադրություններ են:

Թեև Ադրբեջանի իշխանությունները փորձում են ընդգծված չեզոքություն պահպանել, չմասնակցել նաև միջազգային կառույցներում հակառուսական բանաձևերի քվեարկությանը, Ադրբեջանի ողջ մեդիամեքենան աշխատում է Ռուսաստանի դեմ: Բացի այն, որ այս տրամադրությունները կային Ռուսաստանի սկսած պատերազմի առաջին իսկ օրերից, այդ տրամադրություններն ավելի սրվեցին նախօրեին, երբ հայտնի դարձավ, որ պատերազմի հետևանքով Խարկովում ավերվել է Ադրբեջանի հյուպատոսության շենքը, որը մի շարք փորձագետներ պատահական չհամարեցին: Հայտնի է նաև, որ Ադրբեջանն ակտիվ կերպով հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային, և կրկին որոշ փորձագետներ համարում են, որ հումանիտար օգնության ներքո Ադրբեջանը կարող է նաև ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա:

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը հատկապես այսօր առավոտից փորձում է տպավորություն ստեղծել, թե հայկական կողմերը խախտում են հրադադարի պայմանավորվածությունները. Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, թե Արցախից հայկական ուժերը կրակ են բացել:

Ավելի ուշ, սակայն, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, և հայկական կողմը զոհ ու վիրավոր ունի:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել՝ նշելով, թե Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»,- նամակում գրել է Ալիևը:

Անդրադառնալով նույնաբովանդակ մեկ այլ հայտարարության, որն արվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր մեկնաբանել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում:

«Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- նշել է Վահան Հունանյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին ընդառաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ալիևի հետ հանդիպմանը խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից, կրկին անգամ ցույց տալով, որ չի հրաժարվել միջանցքի գաղափարից:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ մեկնաբանեց Ադրբեջանի դիրքավորումը Ռուսաստանի նկատմամբ:

Նա նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումների առնչությամբ Ռուսաստանը դժգոհություն չունի, Ադրբեջանը չի միացել այն պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի դեմ, մնացած խնդիրները, որոնք երևում են, կրում են տեխնիկական բնույթ:

«Հնարավոր է՝ Ադրբեջանում կան որոշ խմբեր, որոշ դեմքեր, քաղաքական կուսակցություններ, որոնք համակրում են Զելենսկիին, ուստի մեդիադաշտում երևում են նյութեր, որոնցում նկատվում է համակրանք Զելենսկու նկատմամբ և ոչ այնքան համակրանք ՌԴ գործողություններին: Բայց ընդհանուր առմամբ,  Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար խնդրահարույց չի դիտարկվում, քանի որ հենց այն պահին, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, Ալիևը եղավ Մոսկվայում, ստորագրեց բազային հռչակագիր:

Երկրորդ՝ Ադրբեջանը գործում է  Թուրքիայի հետ տանդեմով, իսկ Թուրքիան իրեն դրսևորում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև մանևրելով, Թուրքիայի հանդեպ ևս կարծես մենք դժգոհություններ չունենք: Խնդիրներ չեն առաջանում, կարող են միայն տեխնիկական լինել»,- ասաց նա:

Տարասովն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախում փոխհրաձգությունները պատահական բնույթ են կրում, և դրանք  պետք չէ կապել ուկրաինական զարգացումների հետ:

«Պատերազմը բացառված է, ի՞նչ պատերազմ, հայերը բանա՞կ ունեն: Բաքուն ուզում է Երևա՞նը, ո՛չ, եթե ցանկանար Ստեփանակերտը՝ կվերցներ, Բաքուն խաղաղապահների դիրքերի վերաբերյալ շփումներ նախաձեռնո՞ւմ է Մոսկվայի հետ, ո՛չ, ուրեմն բախումներ կարող են լինել, կան չկարգավորված հարցեր, բայց դա չի վերաճի լայնամասշտաբ պատերազմի»,- ասաց նա:

Տարասովի խոսքով, Ռուսաստանին ոչ մի տեղ պատերազմ պետք չէ, առավել ևս՝ Ղարաբաղում:

Ըստ նրա, Արևմուտքին գուցե հարկավոր լինի լարվածության նոր ճակատներ բացել Ռուսաստանի դեմ, բայց Արևմուտքը չի կարող գործել Ադրբեջանով, չունի ազդեցություն Ադրբեջանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռուսական պլանին, Տարասովն ասաց, որ ՌԴ գործողություններն ընթանում են ըստ պլանի:

«Սխալ են կարծիքները, թե հնարավոր էր օրերի ընթացքում այդ խոշոր երկրում հարց լուծել, որոնք ՌԴ-ն է  դրել իր առջև: Կան սահմանափակող հանգամանքներ, մենք չենք ուզում կործանել քաղաքները, բնակչությանը, սա այնպիսի պատերազմ չէ, ինչպիսին վարում էին ամերիկացիները Սիրիայում, Լիբիայում կամ Աֆղանստանում, սա իր առանձնահատկություններն ունի»,- ասաց նա:

Իսկ թե ե՞րբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում, Տարասովն ասաց, որ իսրայելական հետախուզությունը մեկ ամիս է կանխատեսել, իսկ ռուսական կողմը, բնականաբար, լռում է:

Տեսանյութեր

Լրահոս