Բաժիններ՝

Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակն ընդամենը 23-24 տոկոս է, ինչը լուրջ ցածր շեմ է. Աշոտ Հարությունյան

Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ տնտեսական ռիսկեր է առաջ բերել տարբեր երկրներում, այդ թվում՝ պարենային անվտանգության առումով: Հայաստանի վրա այս հակամարտության տնտեսական հետևանքներն արդեն իսկ նկատելի են՝ գնաճային սպասումներ, ռուբլու արժեզրկման հետևանքով արժեզրկվող դրամ և տրանսֆերտների հնարավոր կրճատում, պարենային անվտանգության հարցեր:

Վերջինի մասին՝ առավել մանրամասն. Հայաստանը հացահատիկի հիմնական մասը ներկրում է Ռուսաստանից, նաև Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից:  2021 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել շուրջ 458.7 հազար տոննա հացահատիկ:

Ի դեպ, պարենային անվտանգության հարցում արտաքին աշխարհից մեր կախվածությունն մեծացել է Արցախու զգալի կորուստներից հետո. բավական է նշել, որ Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130.000 հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է Ադրբեջանի վերահսկողության գոտում, թշնամուն են անցել նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարենային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին բարձրաձայնել է դեռևս 2019 թվականին՝ գրավոր առաջարկելով՝ հանրապետությունում ավելացնել հացահատիկային, հատիկընդեղենի մշակաբույսերի ցանքատարածքները, քայլեր ձեռնարկել սերմնաբուծության զարգացման, տեղական պահուստային ֆոնդերի ստեղծման, պահպանման  ապահովման ուղղությամբ:

«Վաղ գարնանն էի տվել, որպեսզի բաց չթողնեին, իսկ գարունը բաց թողեցին, խնդրեցի գոնե աշնանացանը կազմակերպել: Սակայն արդեն հինգերորդ գարունն է, իսկ խնդիրը դեռ կա ու անընդհատ արծարծվում է»,- հավելեց նախկին փոխնախարարը:

Գյուղատնտեսը շեշտեց՝ պարենային անվտանգության հարցերը բացառապես «հացի խնդրին» չեն առնչվում. Ռուսաստանի ու Ուկրաինայի շուկաներից բազմաթիվ այլ ապրանքներ են ներմուծվում, սակայն հացի խնդիրն ամենամտահոգիչն է:

«Այժմ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակն ընդամենը 23-24 տոկոս է, ինչը լուրջ ցածր շեմ է: Այդուհանդերձ, քանի որ մեր երկրի կլիմայական գոտիները բազմազան են, ու դեռևս վաղ գարուն է, հնարավոր է խելամիտ, օպերատիվ քայլերով իրավիճակը մեղմացնել:

Սա արդեն քաղաքական խնդիր չէ. սա ազգային անվտանգության խնդիր է, ապագա սերնդի խնդիր է, երկրի լինել-չլինելու խնդիր է: Մարդիկ, որոնք ի վիճակի չեն մասնագիտորեն, փորձառությամբ գործել, պետք է կոնկրետ կանգնեն, ասեն՝ մենք ի վիճակի չենք»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս