Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունն ավարտվեց. Ե՞րբ կհրապարակվի որոշումը
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) վերսկսվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
Հիշեցնենք, որ վարույթի հարուցման հիմքը, ըստ արդարադատության նախարարի, Վազգեն Ռշտունու՝ արձակուրդում գտնվելու ժամանակ վերջինիս վարույթում եղած գործերը վերամակագրման հանձնելն է:
Կարգապահական վարույթը հարուցելու համար առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագիրը` պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքերի առկայության վերաբերյալ, նախարարը համապատասխան որոշմամբ վարույթ է հարուցել, դատավորը չի օգտվել բացատրություն ներկայացնելու իր իրավունքից:
Արդեն 3 նիստ Վազգեն Ռշտունին ու նրա պաշտպանական թիմը ԲԴԽ-ում՝ Սիրանուշ Սահակյան-Ռուբեն Մելիքյան կազմով, փորձում է հասկանալ՝ ի վերջո, ժամանակավոր պաշտոնակատար վերոնշյալ պաշտոնյան ի՞նչ հիմքով, ինչո՞ւ և ի՞նչ շարժառիթներով է որոշել ստուգել Վազգեն Ռշտունու վարույթում եղած գործերը՝ դրանից բխող այլ ածանցյալ հարցերով:
Վերջին վարույթի ավարտին ԲԴԽ-ն Արդարադատության նախարարության ներկայացուցիչներից պահանջեց ներկայացնել այդ հիմքերը՝ զեկուցագրի հիմքում ընկած ուսումնասիրությունը:
Այսօրվա նիստի սկզբում ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց կողմերի միջնորդությունների բովանդակությունը:
ԲԴԽ-ի ու Վազգեն Ռշտունու կողմից պահանջված ուսումնասիրության հիմքերը կողմերին ներկայացվել էին, սակայն, ինչպես նշեց դատավոր Ռշտունին, այդ փաստաթղթից չի հասկացվում, թե այն ինչ է՝ քաղվա՞ծք է, ուսումնասիրությո՞ւն, թե՞ մեկ այլ բան:
Ամեն դեպքում Վազգեն Ռշտունին իր նկատառումները ներկայացրեց նշված փաստաթղթում տեղ գտած փաստերի, տվյալների, հակասությունների, առաջացած հարցերի վերաբերյալ:
«Ամեն դեպքում ներկայացված փաստաթղթից պարզ չդարձավ՝ երբ է սկսվել ուսումնասիրությունը, և երբ է այն ավարտվել»,- ասաց Վազգեն Ռշտունին: Դատավորը նշեց, որ գործեր հանձնել է ոչ թե՝ որովհետև արձակուրդում է գտնվել, այլ՝ որովհետև երկրից բացակայել է:
Հաջորդիվ Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ Արդարադատության նախարարության ուսումնասիրությունն ավարտվել է գործերի մակագրման դրվագով:
«Մասշտաբային ուսումնասիրության անվան տակ թիրախավորել են Վազգեն Ռշտունուն ու փորձում են սրա մեջ ներքաշել նաև ԲԴԽ-ին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, հայտնի չի դարձել՝ որ ստորաբաժանումն է մասնակցել ուսումնասիրությանը, ովքեր են եղել դրա մեջ ընդգրկված, ինչ պաշտոնի անձնագրեր են ունեցել:
Մյուս ներկայացուցիչը՝ Ռուբեն Մելիքյանը, նշեց՝ այս փաստաթուղթը ոչ թե փարատում, այլ ավելի է խորացնում այն կասկածները, որն իրենք ունեցել են:
Վազգեն Ռշտունու և նրա ներկայացուցիչների խոսքից հետո ԲԴԽ անդամները հարցեր ուղղեցին արդարադատության նախարարի ներկայացուցիչներին:
Ակնհայտորեն ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանի և Ռշտունու ներկայացուցիչների հարցերը դուր չէին գալիս արդարադատության նախարարի ներկայացուցիչներին, և մասնավորապես նախարարի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը նկատեց՝ շատ են հեռանում արարքի բուն էությունից:
Վազգեն Ռշտունին էլ իր հերթին՝ նշեց, եթե վարույթ հարուցող կողմի համար կարևոր չէ ընդհանուր պրակտիկան, ի՞նչ տրամաբանություն կա իր նկատմամբ հարուցված վարույթի մեջ:
Այնուամենայնիվ, կողմերն անցան եզրափակիչ ելույթներին: Առաջինը խոսքը տրվեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
Գագիկ Հարությունյանը հստակեցրեց՝ իրենց վարույթը վերաբերում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների ուսումնասիրության արդյունքին, իսկ գործերի վերաբաշխումը զուտ դրա հետևանքն է:
Իրենց ելույթների ավարտին արդարադատության նախարարի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց միջնորդությունը հիմնավոր է, ու ԲԴԽ-ին կոչ արեցին կարգապահական տույժի ենթարկել դատավոր Ռշտունուն:
Հաջորդիվ եզրափակիչ ելույթների իրենց իրավունքից օգտվեցին Վազգեն Ռշտունին և նրա ներկայացուցիչները:
Ռուբեն Մելիքյանը պնդեց, եթե դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվում օգնականի միջոցով դատավորի կողմից գործերը վերամակագրման հանձնելու համար, ապա այս պարագայում որտե՞ղ է մնում «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների» վերաբերյալ թեզը:
Ռուբեն Մելիքյանը ԲԴԽ-ին խնդրեց մերժել արդարադատության նախարարի միջնորդությունը:
Սիրանուշ Սահակյանը կրկին իր հիմնավորումները ներկայացրեց ուսումնասիրության կողմնակալության ու Վազգեն Ռշտունուն թիրախավորելու վերաբերյալ:
Վերջինիս ելույթից հետո Վազգեն Ռշտունու գործով կարգապահական վարույթի այսօրվա նիստն ավարտվեց: Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի մարտի 14-ին՝ ժամը 14:55-ին: