«Մենք այն գաղտնի փաստաթուղթը չենք ուզում, որի հիման վրա մեր հայրենիքը թշնամուն հանձնվեց Սյունիքում. ուզում ենք ուսումնասիրություն». Ռուբեն Մելիքյան

Վազգեն Ռշտունու դեպքը մի շատ կարևոր բովանդակային նշանակություն ունի: Ոչ հաճախ է պատահում, երբ կարգապահական վարույթը հարուցվում է արդարադատության նախարարի կողմից, առանց որևէ դիմումի, այլ իր լիազորությունների իրականացմամբ, և հայտնաբերում է կարգապահական խախտման վերաբերյալ դեպք: Մեծ մասամբ վարույթներ հարուցվում են դիմումների հիման վրա: Այս մասին 168.am «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքին:

Ըստ նրա՝ երբ վարույթը հարուցվում է նախարարի լիազորությունների իրականացման հիմքով, պետք է հասկանալ՝ նախորդ փուլն ինչ է եղել:

«Մեզ մեր ընդդիմախոսները՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ասում են՝ դա չպետք է ձեզ հետաքրքրի. մենք ունենք Արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացված զեկուցագիր: Իրենց կարծիքով՝ իրենք բարեխիղճ են գտնվել ու կարող են սկսել հենց այդ զեկուցագրից: Զեկուցագրում հղում է կատարվում ինչ-որ ուսումնասիրության: Բա մենք չիմանա՞նք՝ այդ մարդն իրավունք ունե՞ր ուսումնասիրություն կատարել, այդ ուսումնասիրությունն ինչի՞ մասին է, ի՞նչ արդյունքներ եղան»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ իրենց հակափաստարկն այն է, որ զեկուցագիրը ոչ թե առաջին քայլն է, այլ հերթական:

Իրավապաշտպանը նկատում է՝ Կարեն Անդրեասյանը շարունակ խոսում է 40 վատ դատավորների մասին: Այդ դեպքում արդյո՞ք Վազգեն Ռշտունին իրավունք չունի համարել, որ նա հենց իրեն է համարում կոռումպացված, հետևաբար՝ իր նկատմամբ կա թիրախավորում:

«Եթե Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) չգտներ, որ կարևոր հանգամանք է մեր պահանջը՝ իմանալ՝ ինչ զեկուցագրի մասին է խոսքը, Արդարադատության նախարարությանը չէր պարտավորեցնի տրամադրել այն: Մենք գաղտնի փաստաթուղթ չենք ուզում: Մենք այն փաստաթուղթը չենք ուզում, որի հիման վրա մեր հայրենիքը թշնամուն հանձնվեց Սյունիքում: Մենք ուզում ենք ուսումնասիրություն, որը կատարվել է բաց աղբյուրների հիման վրա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Անդրադառնալով Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետ կապված գործընթացներին, նրա կալանավորման ու Վազգեն Ռշտունու գործով ԲԴԽ-ի՝ նիստերի ընթացքում դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապին, այն հարցին, թե դատավորին կալանավորելու թույլտվություն տալուց հետո արդյո՞ք ԲԴԽ-ն խնդիր ունի այս գործով մասնագիտական արժանապատվության դրսևորում ունենալ, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ այն, ինչ ԲԴԽ-ն Բորիս Բախշիյանի գործով արել է, ուղղակի խայտառակություն է:

«Մեղքի զգացում է թե հաշվարկ ԲԴԽ-ի այս վարքագիծը, ասել չեմ կարող, բայց փաստն այն է, որ Բորիս Բախշիյանի գործից հետո մենք կորցրեցինք մի պատնեշ, որով դատական իշխանությունը կարող էր իրեն պաշտպանված զգալ, և այդ հոգեբանական շեմն արդեն հաղթահարված է: Այսպես ասեմ՝ ԲԴԽ-ում կան մարդիկ, ովքեր ունակ են խղճի խայթ զգալ»,- ասաց իրավապաշտպանը՝ հիշելով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքը, երբ ԲԴԽ-ն քրեական հետապնդման թույլտվություն տվեց, բայց կալանավորման՝ ոչ:

Խոսելով նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի՝ այսօր կառավարության նիստից հետո տված ճեպազրույցի ընթացքում հնչած գնահատականների մասին, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, վերջինիս տրվեցին նաև հարցեր ծանր վիրավորանքի հոդվածի, Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Անդրեասյանի արտահայտությունների մասին, որոնք Քրիստինե Գրիգորյանը համարել էր քաղաքական հայտարարություններ, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ նորընտիր Պաշտպանը ծանր վիրավորանքի հոդվածով կառավարության ներկայացուցիչն է եղել, ըստ էության կողմ, և նրա դիտարկումները չեն կարող իրավաչափ լինել:

«Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք գործ ունենք ոչ թե ՀՀ, այլ «Քաղաքացիական պայմանագրի» Մարդու իրավունքների պաշտպանի հետ. պետք է հիշենք ու հիշեցնենք, որ այդ մարդը ընտրվել է բացառապես ՔՊ-ի ձայներով և հիմա քաղաքական ծառայություններ է մատուցում իրեն ընտրած քաղաքական իշխանությանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով՝ պնդել է ու հիմա էլ է պնդում, որ այդ մարդն իրավունք չուներ առհասարակ ՄԻՊ դառնալ, որովհետև չուներ հեղինակություն, և մարդկայնորեն շատ ցավում է նրա համար:

Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի օգտին կայացրած վճռին այն պայմաններում, երբ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը որևէ հակափաստարկ չի ներկայացրել Եվրոպական դատարանին, Ռուբեն Մելիքյանն ասաց՝ Եղիշե Կիրակոսյանն առաջնորդվել է իր ղեկավարի կամքով:

«Ես չեմ կարծում, որ Եղիշե Կիրակոսյանն ունի մի փոքր արժեքային համակարգ, որ ասեր՝ չէ, չի կարելի այդպես անել: Եթե ունենար, այդտեղ չէր հայտնվի: Մեկ-մեկ լինում են մարդիկ, ովքեր ինֆորմացիայի և գիտելիքների որոշակի պաշար են ունենում, բայց կամային հատկանիշների զրո մակարդակ: Մենք այս իրավիճակի հետ գործ ունենք»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս