«Ամեն ինչը չէ, որ հարցականով է վերջանում, հարց է»․ Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին
Խորհրդարանում, ինչպես միշտ յուրաքանչյուր քառօրյայի չորեքշաբթի օրը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն էր, որին օրենքի պահանջով ներկա էր նաև վարչապետը։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հարցը սկսեց նախաբանով: Հիշեցրեց 2018 թվականի իշխանափոխության գործընթացը և Փաշինյանի տված խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ավելին՝ հակառակ էֆեկտն ունեցան․
«Հայաստանում որոշ ժամանակ առաջ պետական հեղաշրջում իրականացրած անձինք իրենց համար ատրիբուտիկա էին ընտրել դագաղները, ծաղկեպսակները և մարդկանց նկատմամբ սպառնալիքները։ Ի հեճուկս այդ ընտրված ատրիբուտիկայի, իրենք խոստանում էին, որ՝ ձեր դեմքից ժպիտն անպակաս է լինելու։ Այդ ժպիտն ապահովելու էին, օրինակ՝ «կարմիր գծեր»-ը և արագաչափերը հանելով, այն անհիմն թանկացումներն էժանացնելով, որոնք, ըստ իրենց՝ իրականացնում էին նախկին իշխանությունները։ Հիմա իրենց իսկ սահմանած ժանրի կանոններով՝ ստիպված եմ ուղղակի արձանագրումներ անել, որ «կարմիր գծեր»-ը կան, արագաչափերն իրենց տեղում են, դեռ մի բան էլ ավելացել են, բոլոր հանրային ծառայությունները թանկացել են՝ լույս, ջուր, գազ․․․ Իրենք ասում էին, որ 10 տարիների ընթացքում չի թանկանալու, բայց ընդամենը 2-3 տարի հետո թանկացավ, և ժպիտների փոխարեն, հարգելի հայրենակիցներ, փողոցում, տանը ձեզ մոտ հիասթափություն է, անկարողության զգացում և աճող արտագաղթ»։
Մկրտչյանն ընդգծեց, որ իշխանություններին ուղղված իր հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվում, ապա հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Իմ կողմից արձանագրած այս սոցիալ-տնտեսական փաթեթի ստերն էլ են անհատա՞կ, կա՞ արդյոք սրան վերջ այնուամենայնիվ, թե՞ ոչ։ Հարցս, բնականաբար, ուղղվում է այս ամեն ինչը Հանրապետության հրապարակի հարթակից հնչեցրած անձին»։
Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի բնորոշմամբ, սակայն, Աննա Մկրտչյանի խոսքում հարց չկար․
«Ամեն ինչը չէ, որ հարցականով է վերջանում, հարց է։ Այնուամենայնիվ հարց, որպես այդպիսին, ասենք, ես չլսեցի: Տիկին Մկրտչյան, Ազգային ժողովում հայտարարությունների ժամ կա, խնդրում եմ, երբ հայտարարությունների, ելույթների կարիք եք ունենում, օգտվեք այդ հնարավորությունից, և այստեղ բանավոր հարցեր հնչեցնել։ Այնուամենայնիվ ձեր իրավունքն է, բայց քանի որ հարց չի հնչել, պատասխան էլ, ցավոք սրտի, դժվար կլինի հնչեցնելը, այնպես որ, անցնում ենք հաջորդ հարցին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում