Բաժիններ՝

«Մեր մի թռչնագոմը բաժանում ենք բնակիչներին». «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակման եզրին է կանգնած. այսօր բողոքի ակցիա կանցկացնեն

Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առջև: Նրանք ստիպված են ձուն վաճառել ինքնարժեքից ցածր գնով, ու խնդիրը, ըստ նրանց՝ գերարտադրությունն է: Ձվի շուկայում հիմա դեմպինգային քաղաքականություն է, շատ արտադրողներ հարկադրաբար իջեցրել են ձվի գները: Հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում:

Այսօր հայտնի դարձավ, որ փակման եզրին է կանգնած նաև թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Ընկերության ղեկավարությունն այսօր ժամը 15:00-ին  իրենց տարածքում՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, բողոքի ակցիա է իրականացնելու և թվով 8000 հավ նվիրվելու բոլոր ցանկացողներին:

«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացնում, որի շրջանակներում մեր մի թռչնագոմը բաժանում ենք բնակիչներին՝ այդպես փորձելով գրավել պատկան մարմինների ուշադրությունը: Խոսքը 8000 թռչունի մասին է»,- 168.am-ին հայտնեցին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայից:

Հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում պատկան մարմիններին դիմե՞լ են, տեղեկացրե՞լ են խնդրի մասին, ընկերությունից պատասխանեցին.«Ամբողջ ազգը գիտի, թե ձվի շուկայում ձվի գինն ինչքան է: Եթե քայլեր չձեռնարկվեն՝ ֆաբրիկան կգնա փակման: Դեռևս աշխատողներ չեն կրճատվել»:

Խնդրի առնչությամբ զրուցել էինք նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, ով հայտնել էր, որ այստեղ խնդիր չի տեսնում, ասում է՝ Հայաստանում երեք տարին մեկ այսպես է լինում:

«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ շուկան չի կանոնակարգվում, այսինքն՝ տեղում տոհմային տնտեսություն չունենք, որ իմանանք, թե տարվա կտրվածքով ինչքան է լինելու: Ամեն տարի ներկրում են մեկ օրական ճտեր, ու ածան հավերի գլխաքանակն ապահովելու համար երբեմն շատ են ներկրում: Հիմա էլ, որ դրսում թռչնագրիպ է, ով ինչ կարողանում է՝ բերում է: Գումարած սրան՝ փոքր ձեռնարկությունների թիվն ավելանում է, ու դա շատ լավ է: Հիմա էլ հավկիթի գինն էժան է, բա ինչո՞ւ են դժգոհում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ դժգոհության պատճառն այն է, որ չեն կարողանում մրցակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս