«Զեկուցողի անձը ոչ մի նշանակություն ունենալ չի կարող». Վահագն Գրիգորյանը՝ ապօրինի գույքով ՍԴ-ում սկսվելիք քննության մասին

Փետրվարի 25-ին ՀՀ Սահմանադրական դատարանն (ՍԴ) աշխատակարգային որոշում է ընդունել, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունվել է քննության:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունը կսկսվի 2022 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին:

Նույն հոդվածի 3-րդ մասով` գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա՝ ՍԴ-ն որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Սույն գործով որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվել է նշված օրենքն ընդունած մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։

168.am-ի հետ զրույցում «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը շատ գործեր է քննել և քննում գրավոր ընթացակարգով:

«Գործերի քննության բանավոր ընթացակարգի չափանիշը հանրային հնչեղությունն է, իսկ հանրային հնչեղության ընկալումը փոքր-ինչ սուբյեկտիվ է, որովհետև բավականաչափ հանրային հնչեղության գործեր են եղել, որոնք էլի քննվել են գրավոր ընթացակարգով»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ արդյո՞ք գործով զեկուցողի անձը որևէ ազդեցություն կարող է ունենալ քննության ընթացքի ու ելքի վրա, Վահագն Գրիգորյանն ասաց՝ չի կարող ունենալ:

«Վերջում կայացվող որոշման տեսանկյունից զեկուցողի անձը ոչ մի նշանակություն ունենալ չի կարող, քանի որ ՍԴ-ում որոշումները կայացվում են՝ ելնելով կոլեգիալության սկզբունքից»,- եզրափակեց Վահագն Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս