Խելք տեխնոլոգիական դպրոցը սկսում է երկրորդ անվճար դասընթացը
Խելք տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր նոր՝ երկրորդ դասընթացի համար, որը նորից փորձելու է հասնել բոլոր այն խմբերին, ովքեր այլ հավասար պայմաններում չէին կարող անվճար ու որակյալ ՏՏ կրթություն ստանալ: Դպրոցի կրթական գործընկերը ֆրանսիական Simplon ընկերությունն է, որն աշխարհում ունի 100-ից ավելի դպրոցներ եւ իրակացնում է բացառապես նախագծային ուսուցում:
Խելք դպրոցի առաջիկա անվճար դասընթացը նույնպես նվիրված է կայքերի ծրագրավորմանը՝ web development, տեւողությունը 6 ամիս է, ուսուցումը՝ հիմնականում առցանց: Փորձելով լինել առավել հասանելի՝ դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց: Խելքում սովորելու գլխավոր պայմանը չափահաս լինելն է եւ մեծ ցակությունը՝ մուտք գործելու տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտ որպես որակյալ մասնագետ:
«Մեր փորձը ցույց է տալիս, որ Խելքի շնորհիվ նոր մշակույթ ենք ձեւավորում Հայաստանի՝ առանց այդ էլ զարգացած ՏՏ աշխատաշուկայում: Խոսքը հմտությունների վրա կենտրոնացման մասին է, երբ նախագծային ուսուցման միջոցով ապագա ՏՏ մասնագետին 6 ամիսների ամենօրյա ներգրավված ուսումնառության շնորհիվ կարողանում ենք դարձնել գործնականում փորձված սկսնակ մասնագետ»,- նշում է Հայաստանում Խելք դպրոցի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:
Խելք դպրոցը նաեւ համագործակցում է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ընդունել որպես փորձնակ՝ աշխատանքի ընդունելու հնարավորությամբ:
Նոր դասընթացի համար հայտեր ընդունվում են մինչեւ մարտի 5-ը հետեւյալ հղումով․
Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ ամեն տեսակ օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ «չսպառվող» բան կարելի է անել օգնելու համար:
Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթմանն ու կայուն աշխատանքի կազմակերպմանը: