«Պետք է դատապարտվեն ադրբեջանցիների գործողությունները, և դրանք պետք է որակվեն՝ որպես ցեղասպանություն». Աշոտ Մելքոնյան

Այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:

Կոնֆերանս-քննարկմանը ներկա պատմաբանները, ակադեմիկոսները հիշեցնելով 1988-90 թվականներին ադրբեջանահայերի կոտորածը՝ ևս մեկ անգամ ընդգծեցին, որ համաշխարհային հանրության կողմից այն չի ստացել պատշաճ արձագանք։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ այս ողբերգության մասին պետք է հիշեցնել միջազգային հանրությանը։

«Այդ ամենին քաղաքական գնահատականը, որը տրվել է, որպես ցեղասպանություն՝ վերջնականապես չի արձանագրվել։ Սա, կարծում եմ՝ մեր կողմից թույլ տված սխալներից մեկն է։ Ճիշտ է, զանգվածային կոտորած, ցեղասպանական գործողություններ ձևակերպումներ կան, բայց մեր հարևաններն իրականության հետ որևէ առնչություն չունեցող Խոջալուի դեպքերի առնչությամբ կարողացան ոչ միայն  ձևակերպել այն՝ որպես ցեղասպանություն, այլև կարողացան հասնել նրան, որ որոշ երկրներ ընդունեցին բանաձևեր։ Այսօր մեր ԱԺ-ն պետք է դրան անդրադառնա և հստակ ձևակերպում տա, որ սա նույն ցեղասպան քաղաքականության ամբողջական շղթան է, որը սկսվում է 1905 թվականի փետրվարի 5-ից, երբ Բաքվում սկսեցին հայերի կոտորածը։ Այսօր պետք է դատապարտվեն ադրբեջանցիների գործողությունները, և դրանք պետք է որակվեն՝ որպես ցեղասպանություն»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա հիշեցրեց Ռաֆայել Լեմկինի հեղինակած 1948 թվականի բանաձևը, որը հստակ նշում է, որ ցեղասպանությունը էթնիկ հողի վրա տեղի ունեցած սպանությունն է, երբ մարդուն սպանում են այս կամ այն ազգին պատկանելու համար։ Սա այն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ ամբողջ 20-րդ դարում և շարունակվում է նաև 21-րդ դարում։

Տեսանյութեր

Լրահոս