Ժամանակակից սեր. ասաց՝ լիքը լավ CD-ներ ունեմ, արի միասին լսենք
168.am-ի «Ժամանակակից սեր» շարքի շրջանակներում այս անգամ իր սիրո պատմությամբ կիսվել է Տաթևիկը, ում հարաբերությիւններում մեծ դերակատարում է ունեցել երաժշտությունը:
Պահպանելու համար Տաթևիկի և իր ամուսնու անձնական կյանքի գաղտնիությունը՝ վերջիններիս լուսանկարը չենք հրապարակում:
«Ծանոթացել ենք համալսարանում. նույն ֆակուլտետում էինք սովորում, բայց տարբեր կուրսերում: Ընդհանուր ընկերներ ունեինք և ընդհանուր երաժշտական ճաշակ: Նույն խմբերն էինք սիրում, գրեթե նույն փլեյլիսթերն ունեինք: Այդպես սկսեցինք երկուսով հաճախ առանձնանալ, միասին փաբ էինք գնում՝ լավ երաժշտություն լսելու:
Ամենահիշարժանն ինձ համար ամուսնության առաջարկությունն էր: Ասաց՝ լիքը լավ CD-ներ ունեմ, արի միասին լսենք: Արդենը տասը տարի է՝ միասին ենք լսում:
Չգիտեմ, առանձնահատուկ ոչինչ չկա մեր պատմության մեջ, բայց մի բան այն յուրահատուկ է դարձնում: Մեր հարաբերությունները շատ հանգիստ են միշտ եղել՝ ոչ մի դրամա, ոչ մի ավելորդ բացասական հուզականություն: Իրար կես բառից հասկանում ենք, վստահ եմ՝ երաժշտությունը շատ է օգնում այդ հարցում:
Պետք է սիրտն ազատ թողնել և այն կհասկանա՝ ով է ճիշտ մարդը»:
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան