Երկու գավաթ գինին պարունակում է շաքարի օրվա չափաբաժին

Ավելի քան 30 տեսակ գինու ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երկու բաժակը կարող է բավարար լինել մեծահասակների համար շաքարի օրական առավելագույն սահմանաչափը սպառելու համար: Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance կենտրոնուն անցկացված հետազոտության արդյունքներով՝  գինու որոշ տեսակներ պարունակում են մինչև 59 գրամ շաքար։

Լաբորատորիան վերլուծել է բրիտանական հայտնի ապրանքանիշերի կարմիր, սպիտակ, վարդագույն, մրգային և փրփրուն գինիների պարունակությունը:

Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում օրենսդրական փոփոխություններ կատարել, որպեսզի գինու շշերի վրա պարտադիր նշվի կալորիականության մասին տեղեկությունը և այն օգտագործողներն իմանան, թե որքան կալորիա կա մեկ բաժակում և որքան շաքար են նրանք օգտագործում:

Ըստ հետազոտության՝  մեծահասակները կարող են ընդամենը երկու գավաթ գինի խմելով սպառել շաքարի օրական սահմանաչափը:

Մեծ Բրիտանիայում անցյալ տարի ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ 61%-ը ակնկալում է գինու պիտակի վրա տեսնել կալորիականության մասին տեղեկություն: Իսկ հարցվածների ավելի քան 50%-ը ցանկացել է տեղեկանալ շաքարի քանակության մասին:

«Գնորդները, ովքեր գնում են կաթ կամ նարնջի հյութ, տեղեկություն են ստանում շաքարի պարունակության և սննդային հավելումների մասին:Սակայն այդ տեղեկատվությունը պարտադիր չէ, երբ խոսքը վերաբերում է ալկոհոլին, որը ոչ միայն գիրություն է առաջացնում, այլև առողջությանը մեծ վնասներ է պատճառում ու նաև՝ կապված է քաղցկեղի յոթ տեսակների հետ »,- ասել է Մեծ Բրիտանիայի Alcohol Health Alliance-ի նախագահ, պրոֆեսոր սըր Յան Գիլմորը՝ գործող կանոններն անվանելով «աբսուրդ»:

Տեսանյութեր

Լրահոս