Արցախի նախագահը Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել
Լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ցավակցական հեռագրում ասված է.
«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա անվանի լրագրող, հրապարակախոս, ԼՂՀ տարբեր գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին։
Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, իր անձնուրաց ու արհեստավարժ գործունեությամբ մեծապես նպաստել է դրա կայացման ու զարգացման հայրենանվեր գործին։ Նրա բազմաթիվ հաղորդաշարերն ու ֆիլմերը, հրապարակումներն ու գրական ստեղծագործությունները դարձել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի տարեգրության անբաժանելի մաս՝ հավերժացնելով ինչպես իրենց հերոսների, այնպես էլ հեղինակի անունը։
Լինելով լրագրող թե պատգամավոր, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ մեր նորանկախ հանրապետությունում՝ Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա գործընկերներին ու կուսակիցներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով»։