Ի՞նչ գործարքի արդյունքում է նվիրվում Բերձոր քաղաքը
Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը մշակվել է Թուրքիայի համաձայնությամբ, և այն չի հակասում Թուրքիա-Ադրբեջան համատեղ կնքած Շուշիի հռչակագրին: Ադրբեջանական վերլուծաբանների դիտարկմամբ, Ադրբեջանն այս երկու հռչակագրերով հայտնվում է անվտանգության կրկնակի հովանոցի ներքո: Այդ հռչակագրի 1-ին կետում նշվում է.
«ՌԴ-ն և Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, փոխադարձ հարգանքի, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության, փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա»:
Դաշնակցային փաստաթղթի 6-րդ կետում նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի ծագման դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաև նման իրավիճակի վտանգի դեպքում՝ դրա կարգավորման նպատակով»:
Հռչակագրի 9-րդ կետում խոսվում է 2020-ի նոյեմբերի 10-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Հայաստան-Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ հայտարարությունների պահանջների կատարման մասին, որոնք հանգեցնելու են տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Ռուսաստան-Ադրբեջան Հռչակագրի վերջնական տարբերակը դեռ ամիսներ առաջ էր պատրաստ:
Եվ չնայած մոսկովյան հռչակագրում մեզ համար վտանգավոր դրույթների առկայությանը, պաշտոնական Երևանը հույս էր հայտնել, որ Ռուսաստան-Ադրբեջան հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու եռակողմ հայտարարությունների դրույթները:
«Հիմա, եթե մենք ասում ենք, որ որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, այդ երկիրը մեկ ուրիշ երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ Հայաստանը որևէ բազմաթիվ այլ երկրների հետ, մասնավորապես՝ Եվրոպական միության, միգուցե՝ նաև այլ միջազգային հարթակներում պիտի առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»,- հայտարարել էր Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:
168.am-ի տեղեկություններով՝ Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային համագործակցության հռչակագիրը որոշակի մտահոգություն առաջացրել է, սակայն, ներքին կարգով ռուսները հասկացրել են՝ անհանգստանալ պետք չէ:
Թե որքանո՞վ է հիմնավոր Արցախում մտահոգությունը, և որքանո՞վ են ազնիվ ռուսական խոստումները, ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից, Բերձոր քաղաքի հետ կատարվելիքը արդեն իսկ հուշում է Ռուսաստան-Ադրբեջան ինչ-ինչ պայմանավորվածությունների և գործարքի մասին՝ առանց Հայաստանի:
168.am-ը գրել էր, որ Բերձոր քաղաքն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը, չնայած որ միջանցքային նոր ճանապարհը կառուցվում է՝ Բերձորը շրջանցելով:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Շուշին շրջանցելով, այն անցնելու է Շուշիի շրջանի գյուղերով՝ Լիսագորի մոտով, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով, և Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի միջոցով կապվելու է Հայաստանի հետ:
Ըստ այդմ՝ այդ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերը հանվելու են՝ 5 կմ միջանցքը պահելու պայմանով:
Ստացվում է «գործարք»՝ հայկական կողմը Բերձոր քաղաքը տալիս է, որ դեռ պահի Քաշաթաղի շրջանի Սուս և Աղավնո գյուղերը, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և մեզ մնացած մյուս գյուղերը: Ինչո՞ւ ենք ասում դեռ, որովհետև պարզ չէ՝ ռուս խաղաղապահների գնալուց հետո ինչ կլինի:
2021-ի սեպտեմբերին 15-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ «նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, այլ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Լիսագոր գյուղերը, կարո՞ղ եք երաշխավորել, որ չի հաստատվի այնպիսի երթուղի, որ այդ գյուղերն ավտոմատ կերպով անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ` թեկուզ անկլավի կարգավիճակով», ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե չի հասցրել բոլոր համայնքների անունները ֆիքսել, բայց վստահեցրել էր՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններն ամեն ինչ անելու են նշված սցենարը բացառելու համար:
Ավելի ուշ Տիգրան Աբրահամյանը գրություն էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, այնտեղից պատասխանել էին, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»։
«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ իմ պահանջն էր՝ ստանալ երաշխիք, հավաստիացում, որ եռակողմ հայտարարության դրույթների իրականացման արդյունքում՝ ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը կապող ճանապարհի փոփոխության արդյունքում թվարկածս քաղաքն ու գյուղերը որևէ կարգավիճակով ադրբեջանական վերահսկողության տակ չեն անցնի, սակայն Նիկոլ Փաշինյանը նման երաշխիք չի տալիս, միայն նշում է, որ դեռ չեն բանակցել։
Ստացվում է, որ իշխանությունը կամ արդեն պայմանավորվել է այդ տարածքների կամ դրա մի մասի հանձնման հետ, կա՛մ չունի վստահություն, որ հետագա բանակցություններում կարողանալու է այդ համայնքների շուրջ արդյունավետ բանակցություններ վարել՝ դրանք պահել հայկական վերահսկողության ներքո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր պատգամավորը:
Փաստորեն, Տիգրան Աբրահամյանը չէր սխալվում և, ըստ էության, ամռանը Բերձոր քաղաքը կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը՝ հաշվի առնելով, որ նոր միջանցքային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս:
Վերադառնալով Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների փաստին, հիշեցնենք, որ 1998-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել էր.
«Ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»:
Այս միտքը Տեր-Պետրոսյանը նաև այլ առիթներով է կրկնել:
Մի բան, սակայն, պարզ է՝ Ռուսաստանը դեռ դե յուրե ՀՀ-ի դաշնակիցն է նաև, իսկ որպեսզի մեզ վերաբերվեն որպես դաշնակցի, կախված է, ըստ էության, մեզնից: Թեպետ Փաշինյանի իշխանության օրոք սա մի փոքր բարդ է պատկերացնել: