Խրամորթում ադրբեջանցիների սադրանքները մեկ ամիս առաջ են սկսվել․ բնականոն կյանքը խաթարված է, զենքեր թափահարելով, բարձրախոսներով ստիպում են բնակիչներին լքել գյուղը. Մետաքսե Հակոբյան

Ասկերանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների գործողությունները սկսվել են դեռ մեկ ամիս առաջ, դրանք նոր չեն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանցիներն իրենց գործողություններով փորձում են խուճապ առաջացնել, և սա նոր չի սկսվել, մեկ ամիս առաջ ես տեղյակ էի այս ամենից, և՛ բնակիչները, և՛ այնտեղ խաղողի մշակությամբ զբաղվող աշխատողներն անընդհատ զանգահարում և տեղեկացնում էին, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս աշխատել, չնայած այն հանգամանքին, որ ռուս խաղաղապահները միշտ իրենց հետ են։ Խրամորթը ամենամոտն է գտնվում շփման գծին Ակնայի կողմից, այդ հողատարածքները շփման գծից մի քանի մետրի վրա են։ Երբ ադրբեջանցիները տեսնում էին մեր կողմի շարժը, իրենց դիրքավորված տարածքներից զենքեր էին թափահարում, վայրի գոռում-գոչյուններով գալիս էին դեպի մեր կողմը ու շատ դեպքերում ռուս խաղաղապահները չէին կարողանում սաստել նրանց ու ստիպված էին լինում խնդրել գյուղացիներին այդ տարածքում աշխատանքներ չկատարել»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ բավականին երկար ժամանակ է Խրամորթի բնականոն կյանքը խաթարված է։

«Ես խոսել եմ գյուղացիների հետ, ինձ հայտնեցին, որ երեկ գյուղացիներին բարձրախոսներով ասել են, որ պետք է հեռանան, որովհետև դա իրենց հողն է և այլն։ Հոգեբանական շատ ծանր ճնշում են ադրբեջանցիները գործադրում։ Հասկանալի է, որ իրենք չեն կարողանալու մտնել գյուղ և հանել բնակիչներին։ Այն սադրանքները, որ կատարում էին Կարմիր Շուկայի, Թաղավարդի մոտ, չսասանեց այդտեղի բնակչներին ու իրենք դա տեսնում են, հիմա կենտրոնացել են մեկ այլ ուղղությամբ, քանի որ Խրամորթը Ակնային շատ մոտ է և իրենց հարմար է այդ հատվածից սադրանքներ իրականացնելը։ Իրենց GPS-ներով մոտենում են ու ցույց են տալիս, թե սա մերն է, պետք է հեռանան և այլն։ Ռուսական կողմը ամեն դեպքում բնակիչների հետ է, և հուսով եմ այս գործողությունները սադրանքների աստիճանից չեն բարձրանա։ Ես զրուցել եմ գյուղացիներից մեկի հետ, այդ կինը ինձ ասում էր․ «Ես հասկանում եմ, որ իրենք չեն գալու հիմա մտնեն գյուղ, մեզ հանեն, բայց մարդկանց մեծ մասի մոտ խուճապ է, որ ադրբեջանցիները կարող է կրակեն իրենց ուղղությամբ ու այդ տրամադրվածությունները շատ են։ Խրամորթում բացի հիմնական բնակիչներից, կան նաև տեղահանվածներ, ովքեր արդեն տեղավորվել են ու փորձում են իրենց կյանքը կազմակերպել»։

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ և բնակիչների մոտ դրա արդյունքում խուճապ է առաջանում, որ իրենք մենակ են։

«Իրենք գնում են, փաստը արձանագրում են ու դիմում են ռուս խաղաղապահներին։ Այսօր թյուր կարծիք է ստեղծվել ռուս խաղաղապահների գործառույթների վերաբերյալ այն դեպքում, երբ իրենք իրավունք չունեն որևէ պատժիչ գործողություններ կատարելու։ Այն իշխանությունները, ովքեր ստորագրել են եռակողմ հայտարարությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, լռության են մատնել այս ամենը, քար լռություն է ու հիմա այս մարդիկ մնացել են մենակ թշնամու հետ»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս