«Երկիր չի թողել, ահով ապրում ենք, տեսնենք՝ վերջը մեր շենքն ո՞ւմ է տալու»․ Հարցում Երևանում
Փետրվարի 21-22-ին Երևանում անցկացվեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Հայաստան էին ժամանել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորները։
Ադրբեջանցիների՝ Հայաստան ժամանումը քաղաքացիների շրջանում վրդովմունք էր առաջացրել, ինչը դրսևորրվեց նախ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը փակելով, այնուհետև ադրբեջանցիների հանգրվանած հյուրանոցի մոտ բողոքի ակցիայով, իսկ հաջորդ օրը բողոքի ակցիան տեղափոխվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում էր վեհաժողովի նիստը։
Թե ի՞նչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները ադրբեջանցի պատվիրակների Երևան գալու վերաբերյալ, 168.am-ը փորձեց պարզել հենց շարքային քաղաքացիներից՝ շրջելով մայրաքաղաքի փողոցներով ու լսելով նրանց։
Հարցվածների գերակշռող մասը դեմ է արտահայտվել ադրբեջանցիների՝ մեր երկիր գալուն:
«Կյանքը առանձնացված կապսուլա չի, շփումը պետք է, բայց մի քիչ էլ պետք է իրենց ցույց տալ, որ դիրք ունենք, ինչն առայժմ չի նկատվում»,- ասաց հարցվածներից մի կին։
Միջին տարիքի մի տղամարդ ևս դեմ է, ադրբեջանցիների Երևան գալուն․
«Շատ սխալ էր, դրա էֆեկտը ո՞րն էր, որ այցելել էին Հայաստան, ինչ-որ մի պատասխանատվություն կա՞ր մեջը, չէ՛։ Ամեն հարցում պետք է պատասխանատվություն լինի, եթե պատասխանատվություն չկա, էլ հարցն ինչո՞ւմն է․․․ Եթե մեր ղեկավարությունն այսպես է մտածում, թուրքը ինչքան հնարավորություն ունի՝ կգա»։
«Ես իրենց ատում եմ ուղղակի, չեմ ուզում անգամ իրենց անունը լսել, որ նույնիսկ այս հողում ոտք են դրել»,- ասաց մեկ ուրիշը։
Հարցվածներից մեծահասակ մի կին էլ չցանկացավ ներկայանալ, բայց ասաց, որ 50 տարի դպրոցում հայոց լեզու է դասավանդել, առայժմ դեմ է ադրբեջանցիների հետ հարաբերությունների հաստատմանը, քանի դեռ շատ հարցեր մնում են չլուծված․
«Արցախի հարցը, մեր գերիների հարցը, ի վերջո դրանք ամենալուրջ հարցերն են, մեր տղաները դեռ գերության մեջ են․․․ Որ մեզ խաղաղություն է պետք, որ մեզ ժամանակ է պետք, մենք մեզ գտնենք, վերագտնենք, անելիքներ շատ ունենք, բանակ պետք է ստեղծենք՝ ամո՛ւր, զինվա՛ծ, սրանք խնդիրներ են, որ իրոք մեզ ժամանակ է պետք, բայց թանկ գնով չլինի դա․․․»։
Տեղեկացրինք նաև, որ ադրբեջանցի պատգամավորները շրջել են Երևանում, այցելել Կապույտ մզկիթ, լուսանկարներ հրապարակել սոցցանցերում և գրել, որ իրական տերերը դեռ վերադառնալու են Երևան, քաղաքացիներից մեկն այսպես արձագանքեց․
«Շատ բան կարող են գրել, իրենք իրենց դերակատարության մեջ են, շարունակում են նույն ոճի մեջ, բայց չեմ կարծում, որ անպատիժ մնան»։
Դիտարկմանը, թե գուցե սա էլ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի սկիզբն է, քաղաքացին զայրացավ․
«Նիկոլը ոչ մի բան թող չխոստանա, իր տեղը սաղ որոշում են»։
Մեկ ուրիշն էլ խոսելով Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի մասին՝ ասաց, որ ժամանակին ընտրել է նրան, բայց ընդունում է՝ սխալվել է․
«Սենց ենք մենք խաղաղության համար պայքարելու, հա՞, եկել լցվել են։ Չեմ հավատում։ Հարգում, սիրում էի Փաշինյանին, գնացել եմ ցույցերին, բայց հիմա փոշմանել եմ, շատ եմ փոշմանել, իր ոչ մի ասածին էլ տեր չկանգնեց։ Բոլոր ցույցերին չէ, բայց հիմնարկով մի քանի ցույցի գնացել եմ, հիմնարկն է տարել։ Արթիկից եմ, ստեղ եմ ապրում, մեր գաղութում էլ նստել է, պրիվետ Նիկոլին․․․
Երկիր չի թողել, ահով ապրում ենք, տեսնենք՝ վերջը մեր շենքն ո՞ւմ է պատկանելու, որ բաժանում է, տեսնենք՝ մեր շենքն ո՞ւմ է տալու»։
Վաղը՝ փետրվարի 25-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է իրականացվելու, ուստի քաղաքացիներին հարցրեցինք, թե ինչպե՞ս են վերաբերվում նման գործընթացներին, կո՞ղմ են արդյոք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
«Էլ աթոռ չկա, կապ չունի, թե ով այնտեղ նստած կլինի․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում