«Սերժ Սարգսյանը հայաստանակենտրոն է. նրա վրա արտաքին քաղաքական որևէ լծակ չի կարող աշխատել». Նարեկ Սամսոնյան
Քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը խորհրդարանական ընդդիմությունից ինստիտուցիոնալ դժգոհություններ չի ունեցել, դժգոհություններ ունեցել է՝ կապված քաղաքական դաշտի ակտիվացման հետ, որը, ըստ նրա՝ գլոբալ առումով միայն խորհրդարանական ընդդիմության խնդիրը չէ:
«Ես դեմ եմ քաղաքական ընդդիմության հրապարակային լեզվակռվին մեկը մյուսի հետ, ես միշտ փորձել եմ աշխատել նաև կուլիսներում: Այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմության կողմից մեծ սխալներ, որոնց մասին կարելի է խոսել, չեմ տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ն․ Սամսոնյանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական ներողություն խնդրելու պարտավորություն ունի մի մարդ՝ ՀՀ վարչապետը. «Այնքան ներողություն, ինչքան ինքն ունի խնդրելու, մեզանից որևէ մեկը, եթե անգամ մենք անցել ենք գծեր, չունի: Մենք նրա դիմաց ներողություն խնդրելու ոչինչ չունենք»:
Թեպետ Սամսոնյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի, բայց իշխանությունները տարբեր օրենսդրական նախաձեռնություններով անգամ հասարակ քաղաքացիներին են ստիպում ներողություն խնդրել Փաշինյանից՝ նույնիսկ նրա գիրքը ցիտելու համար:
Այս երևույթը, ըստ Նարեկ Սամսոնյանի, քաղաքական մշակույթի դեգրադացիա է. «Դա ոչ թե հայհոյանքի մասին օրենք է, այլ օրենք է իրենց քաղաքական հակառակորդներին և նաև շարքային քաղաքացիներին՝ իրենց հարգել ստիպելու մասին, որը չի լինում: Մենք տպագրել էինք հոդված, որում նշվել է, որ հայհոյանքներ են տեղում կոնկրետ իմ հասցեին, բայց որևէ գործ ոստիկանության կողմից չի արվել: Վստահեցնում եմ, ես չեմ այն մարդը, որը հայհոյանքի համար կդիմի ոստիկանություն, դա իմը չէ, ես ունեմ իմ համար չափանիշներ, որոնք չեմ անցնում։ Ավելին՝ ես իմ ինքնասիրությունը գետնին գցված կհամարեմ, եթե պետք է գնամ՝ դիմեմ ոստիկանություն՝ որպեսզի ինչ-որ մեկին պատժեն ինձ հայհոյելու համար: Բայց մենք ցույց էինք տալիս, որ այս օրենքը ոչ թե հայհոյանքի կամ վիրավորանքի մասին է, այլ՝ իշխանությունների: Նրանք կազմակերպում են, որ հայհոյանքներ, լուտանքներ թափվեն իրենց հակառակորդների վրա, իսկ ովքեր իրենց մասին են ասում դա, այդ մարդկանց հետապնդում են: Օրինակ՝ Ադիբեկյանը երեք օրը մեկ Ոստիկանություն է կանչվում: Ինձ էլ չեն կանչում, երևի ամաչում են»:
Դիտարկմանը՝ իշխանությունները մատնացույց են անում ԵԽԽՎ զեկույցը և ասում, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, նա արձագանքեց.
«ԵԽԽՎ-ն, ԵՄ-ն և մնացած կառույցներն այս զեկույցների համար դեռ շատ են փոշմանելու: Իշխանափոխությունից հետո, որը, վստահ եմ, որ լինելու է, այդ եվրոպական կառույցներն ուղղակի հայտնվելու են ամենածանր վիճակում Հայաստանում»:
Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու, որովհետև նրա խոսքով՝ չի կարող պարտված ղեկավարը մնալ իշխանության. «Պարտված ղեկավարը երբ ամեն ձևով փորձում է մնալ իշխանության, կա՛մ նրան սպանում են, աշխարհում այդպիսի դեպքերը հայտնի են (ի դեպ, չեմ բացառում, որ սրա համար ինձ կկանչեն Ոստիկանություն, ես ցավակցում եմ այն հետաքննիչին, որը կփորձի այս թեմայով ինձ կանչել), կա՛մ իրենք իրենցով հեռանում են: Ժողովուրդը չի կարող պարտության հետ համակերպվել, պարտության գլխավոր մեղավորին չի կարող թույլ տալ, որ ինքը շարունակի մնալ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման նկատմամբ արտաքին ուժերի համաձայնությանը, նա հետևյալն ասաց.
«Ռուսները ստացել են մարդ, որին ինչ ուզում՝ անել են տալիս, մարդ, որի վզից բռնում, կռացնում են, գետինը պաչել են տալիս, բարձրացնում են, հետո ուրիշ բան են պաչել տալիս: Ով ինչ ուզում՝ անում է, ամեն մեկը՝ իր չափով, ամեն երկիր ունի իր պահանջները, սպասելիքները: Բայց ռուսների կողմից Հայաստանի իշխանություններին փոխելու մտադրություն գոնե այս պահին ես չեմ տեսնում, որ ունեն»:
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխությունը չպետք է պայմանավորել միայն արտաքին գործոններով. «Հայաստանում քաղաքական իրողությունները կարող են փոխել միայն այնպիսի ուժեր կամ գործիչներ, որոնք արտաքին ուժերի վրա հույս չեն դնում: Հայաստանում կան նմանատիպ ուժեր, գոնե մեկ մարդու՝ Երրորդ նախագահի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը հայաստանակենտրոն է, նրա վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումներն ամենաքիչն են Հայաստանում, եթե այդպիսիք կան: Ռոբերտ Քոչարյանը ևս կարող է համարվել արտաքինից ավելի քիչ ճնշումներ իր վրա ունեցող մարդ»:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսից հետո հակառակ տպավորությունն էր, նա արձագանքեց. «Հենց դա է խնդիրը, դրա համար ես ասում եմ՝ Սերժ Սարգսյանն առավելապես այդ պատկանելությունն ունեցող մարդն է, որի վրա արտաքին քաղաքական որևէ լծակ չի կարող աշխատել: Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը դա շատ լավ գիտակցելով՝ նաև իրացնելու է դրա շնորհիվ առկա հնարավորությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում