Բաժիններ՝

Հեղինակային երգիչները համերգով կնշեն երգահան Վախթանգ Հարությունյանի ծննդյան 50-ամյակը

Երաժիշտ, բանաստեղծ, «Բարդ» ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի 50-ամյա հոբելյանը ընկերները կտոնեն «Վախթանգ Հարությունյան և ընկերներ» խորագրով համերգով, որը տեղի կունենա մարտի 1-ին, «Մետրո» թատրոնում:

Երգահանը երաժշտասերներին նորովի մատուցմամբ կներկայացնի իր ստեղծագործական ուղու տարբեր ժամանակներում ծնված երգեր, կհնչեն նաև նոր գործեր։

Մի առիթով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վախթանգ Հարությունյանը նշել է, որ առաջին հերթին երաժշտությունն իր համար հարցականների տարածք է, որոնց ետևից է գնացել՝ փորձելով բացահայտել իրեն:

«Ստեղծագործում եմ, քանի որ չեմ կարող դա չանել: Երբ պարզվում է, որ արածդ միայն քոնը չէ, դու փորձում ես այն ավելի ճիշտ մատուցել: Վերացական ասեմ. երբ գետի ջուրը սարերից հոսում է ներքև, իր հետ տիղմ, քարեր է բերում, բայց խմելու համար մենք ջուրն անպայման մաքրում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա, նոր խմում ենք: Այդպես էլ երգն է, բանաստեղծությունը: Դու պետք է մաքրես այն, իսկ «հրապարակում» կլինի դա, միայն մի զույգ աչք կհետևի, թե հազարավոր՝ էական չէ: Ցանկացած դեպքում մարդու սրտին հասնելն ամենակարևորն է»,-շեշտել է նա:

Արվեստագետի խոսքով՝ հեղինակային երգը երաժշտությամբ փաթեթավորված պոեզիա է. կարող է նաև մարգարեական լինել, այսինքն՝ այն, ինչ միտված է գալիքին, ինչը կարող է մեր իրականությունը դառնալ և հնչում է այսօր:

«Վաղվա մասին երաժշտությունը, խոսքը հաճախ կարող է չհասկացվել: Մենք հեշտ ենք ընկալում այն, ինչ արդեն իսկ ապրված է ու կարծրացած: Հեղինակային երգը խնդիր ունի բացել այն շերտերը, որոնք այսօրվանից մեզ տանում են վաղը: Այն ասես հող է նախապատրաստում, որը ապագայում պետք է ծիլ տա: Եթե այն այդպիսին չի, ապա արվեստ կոչելու իրավունք չունես: Արվեստը չպետք է միշտ հաճոյանա քո քիմքին, այն կարող է նաև դառը լինել»,-ընդգծել է Վախթանգ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս